Խոշոր ավտովթար Արարատի մարզում. մարդատար ավտոբուսը բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել. կա 7 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸshamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում «Ֆան» մակնիշի 31 64 Լ համարանիշի մարդատար ավտոբուսը դեպի Երևան ընթանալիս բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արտաշատի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանում քննչական խումբը։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի