ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բերձորում ազգային ողբերգության հերթական արարն է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մինչ Բերձորում բեմադրվում է ազգային ողբերգության և գաղթի հերթական արարը, Հայաստանի և Արցախի գործող իշխանություններն այդպես էլ չեն կարողանում ողջամիտ բացատրություններ պարզել, թե ինչպես ստացվեց, որ դեպի Արցախ տանող նոր ճանապարհի հարցը, որի լուծման համար դեռ շաբաթներ առաջ Նիկոլ Փաշինյանը պնդում էր, թե կա առնվազն մեկ տարի մի քանի ամիս, Ադրբեջանը կարողացավ լուծել իրեն ձեռնտու ժամկետում։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն օրեր առաջ հայտարարել էր, թե ադրբեջանական կողմի պահանջը՝ իրեն հանձնել ճանապարհը, լեգիտիմ չէ, դրանից անմիջապես հետո տեղի ունեցած սրացման հետևանքով հայկական կողմը 2 զոհ և 19 վիրավոր տվեց։

Ըստ էության, այդ 2 զոհերի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Արմեն Գրիգորյանի և նրա անմիջական ղեկավար Նիկոլ Փաշինյանի ուսերին։

Դեռևս հուլիսի 27-ին առցանց ասուլիսում, Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե եռակողմ հայտարարությամբ ճանապարհի հարցը կողմերի համաձայնությամբ պիտի 3 տարվա ընթացքում լուծվի։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ 3 տարի էր տրված Հայաստանը Ղարաբաղին կապող նոր միջանցքի նախագիծը համաձայնեցնելու համար։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 44-օրյա պատերազմից շաբաթներ անց հայտարարեց, թե մտադիր չէ այդքան սպասել, Ադրբեջանն անմիջապես ձեռնամուխ եղավ 30 կմ-ոց ճանապարհի շինարարությանը և արագ տեմպերով ավարտեց այն։

Շինարարության իրենց հատվածն ավարտել են նաև Արցախի իշխանությունները, իսկ Հայաստանի իշխանությունները այդպես էլ ոչինչ չձեռնարկեցին, և մինչև օրս որևէ մեկը չի հստակեցրել՝ ովքեր և երբ են կայացրել այս որոշումը, ի՞նչ են մտածում հայկական կողմում, երբ Ադրբեջանը արագացված տեմպերով առաջ էր գնում, և ինչպե՞ս կարող էր Բաքուն առանց հայկական կողմի համաձայնության շինարարություն սկսել Արցախի տարածքում։ Նշենք, որ, օրինակ, լրատվամիջոցները հաղորդում են, թե Արցախի Հին Շենում շինարարություն է իրականացնում Ադրբեջանի կառավարության վարձած թուրքական մի ընկերություն։

Արցախի նախագահն ընդամենը մեկ ամիս առաջ չէր բացառում, որ Աղավնոն կարող էր մնալ հայկական վերահսկողության ներքո, իսկ այսօր արդեն Աղավնոյի և Բերձորի տասնյակ բնակիչներ հավաքում են իրենց վերջին իրերը, այրում են դպրոցական թղթերը, սակայն չեն կարող այրել իրենց տները։ Լրատվամիջոցների տեղեկություններով Արցախի իշխանությունները նրանց խստորեն զգուշացրել են, թե կզրկվեն 10 միլիոն դրամ փոխհատուցման վճարից, եթե հանկարծ վնասեն իրենց իսկ ձեռքով կառուցած և շենացրած տները, որոնք մնալու են ադրբեջանցիներին։

Արցախյան իշխանության տարբեր ներկայացուցիչներ այս օրերին, նույնիսկ ադրբեջանցիների և ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելում են այդ գյուղեր, ցույց են տալիս, որ որևէ տուն այդպես էլ չի վնասվել և դրանք անվնաս հանձնելու են ադրբեջանցիներին։

Ըստ էության, Հայաստանի և Արցախի գործող իշխանությունները ամեն ինչ անում են Ադրբեջանի պահանջներով և որևէ կետով չեն շեղվում, անարժանապատվության այսպիսի կեցվածքը, իհարկե, նորություն չէ ո՛չ փաշինյանական վարչախմբի, ո՛չ էլ Արայիկ Հարությունյանի գլխավորած իշխանության համար։

Կարեն Բաբայան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular