ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Թայվանի հետ խաղաղ վերամիավորումը ձախողվի, Չինաստանը ուժի սցենարից չի հրաժարվի. Պեկինը հստակեցրել է իր դիրքորոշումը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինաստանը չի հրաժարվի ուժի սցենարից, եթե Թայվանի հետ խաղաղ վերամիավորումը ձախողվի, Պեկինն իրեն իրավունք է վերապահում պատասխանել կղզու անկախության կողմնակիցների և արտաքին ուժերի սադրանքներին, ասվում է Չինաստանի իշխանությունների հրապարակած Սպիտակ գրքում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

«Թայվանի խնդիրը և Չինաստանի վերամիավորման գործը նոր դարաշրջանում» վերնագրով փաստաթուղթը համատեղ պատրաստվել և հրապարակվել է ՉԺՀ Պետխորհրդի Թայվանի գործերով գրասենյակի և Պետխորհրդի մամուլի գրասենյակի կողմից։

«Սպիտակ գրքերը» պարբերաբար հրապարակվում են՝  պարզաբանելու Պեկինի քաղաքականությունը տարբեր հարցերի վերաբերյալ։

«Թայվանի անկախության հասնելու փորձերը կղզին կմղեն միայն դեպի աղետի անդունդը և լուրջ վնաս կհասցնեն թայվանցի հայրենակիցներին: Չինացի ազգի, այդ թվում՝ թայվանցի հայրենակիցների ընդհանուր շահերը պաշտպանելու համար մենք պետք է վճռականորեն դեմ լինենք Թայվանի մասնատմանը և անկախությանը, և նպաստենք հայրենիքի խաղաղ վերամիավորմանը»,- ասվում է տեքստում։

Նշվում է, որ Պեկինը «պատրաստ է լայն տարածություն ստեղծել խաղաղ վերամիավորման համար, սակայն մենք երբեք տեղ չենք թողնի անջատողական գործունեության տարբեր ձևերի՝ Թայվանի անկախությանը հասնելու համար»։

Փաստաթղթի հեղինակները հայտարարում են, որ չինացիների հարցերը պետք է լուծեն իրենք՝ չինացիները, իսկ Թայվանի հարցը ՉԺՀ-ի ներքին գործն է, ուստի հարցի լուծումը «չի հանդուրժում արտաքին որևէ միջամտություն»։

«Այն դեպքում, երբ թայվանամետ անջատողական ուժերը կամ արտաքին միջամտող ուժերը սադրեն, ստիպեն կամ հատեն կարմիր գիծը, մենք ստիպված կլինենք կտրուկ գործողություններ ձեռնարկել», - ասվում է «Սպիտակ գրքում»:

Թայվանի շուրջ իրավիճակը սրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի վերջերս կղզի կատարած այցից հետո:

Չինաստանը Թայվանն իր նահանգն է համարում և դեմ է նրա ներկայացուցիչների և այն երկրների իշխանությունների միջև ցանկացած շփման, որոնց հետ Պեկինը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել։ Թայվանի հարցը Վաշինգտոնի և Պեկինի հարաբերություններում առանձնակի կարևորություն է ձեռք բերել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին։ ՉԺՀ-ն ընդգծում է, որ պատմական և քաղաքական պատճառներով նմանություններ տեղին չեն, և պահանջում է չմիջամտել ներքին գործերին։ ԱՄՆ-ը, պաշտոնապես պահպանելով «մեկ Չինաստանի սկզբունքը» և չունենալով դիվանագիտական հարաբերություններ Թայպեյի հետ, ոչ միայն կապեր է պահպանում կղզու հետ, այլև պարբերաբար զենք է մատակարարում այնտեղ, նկատում է աղբյուրը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular