ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի իշխանությունների վախվորած ձայնը սկսել է հնչել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի իշխանությունները միայն երեկ համարձակվեցին մի քանի կցկտուր վախվորած արտահայտություններ անել՝ փորձելով պաշտպանել սեփական իրավունքները։ Ամենևին ցանկություն չունենք քննադատել նրանց իրենց այս մղումներով, ընդհակառակը պետք է խրախուսել, ամրապնդել, որպեսզի կարողանան Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը և Արցախի իշխանական ու ընդդիմադիր ուժերը վեր կանգնեն իրենց վախերից և ի վերջո թե՛ ռուսական խաղաղապահ զորախմբի, թե՛ Նիկոլ Փաշինյանի առջև բարձրացնեն Արցախի կենսական կարևորության հարցերը։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատներին, միության անդամներին։ Ի թիվս այլ հարցերի Հարությունյանն անդրադարձել է շփման գծում վերջին սրացումներին և այլընտրանքային ճանապարհի խնդրին, նշել, որ խոսքը նոր միջանցքի մասին է, որը համաձայն եռակողմ հայտարարության, իրականացնելու են Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները։

Արցախի խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը, որը նույն Հարությունյանի կուսակիցն է, հայաստանյան կայքերից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, թե Արցախը պաշտպանության բանակից չի հրաժարվելու, ավելին այն կատարելագործելու և համապատասխան վիճակի բերելու խնդիրներ պետք է լուծել։

Օրեր առաջ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հերթական անգամ Հայաստանին կոչ է արել Հայկական զինված ուժերը դուրս բերել Արցախից։ Ընդ որում նա այս հայտարարությունն արել էր Նիկոլ Փաշինյանի պաշտոնական հայտարարությունից հետո, թե Արցախում Հայաստանի զինված ուժեր այլևս չկան։ Ըստ էության, Բայրամովի այս խոսքը վերաբերում էր Արցախի պաշտպանության բանակին, և հենց սրան է արձագանքել արցախցի պաշտոնյան։

- Բաքվի կոչերն անհիմն են։ Յուրաքանչյուր ազգ ու պետություն ունի ինքնապաշտպանվելու բացառիկ իրավունք․ դա մեզ պարտադրում է Ադրբեջանն իր ագրեսիվ ազգակործան քաղաքականությամբ,- ասել է Սեյրան Հայրապետյանը։

Փաստացի Արցախի իշխանությունները սկսել են հստակեցնել, թե ինչ խնդիրներ, ինչ վտանգ է կանգնած իրենց առջև և ո՞ւր կարող է դա հասնել և առայժմ թեև վախվորած, առանց Հայաստանի իշխանություններին քննադատելու, սակայն կարողանում են բարձրաձայնել միայն իրենց խնդիրները և ներկայացնել, թե ինչ են իրապես ցանկանում։ Հույս ունենանք, որ այս խոսքերը ավելի վճռական և արմատական կդառնան և կստիպեն արցախցիներին ավելի լուրջ անդրադառնալ սեփական խնդիրներին։

Ալբերտ Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular