Ինչպե՞ս իջեցնել Հայաստանի ինքնիշխանության նշաձողը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՀայաստանի գործող իշխանություններն այնքան են իջեցրել ինքնիշխանության նշաձողը, որ Ռուսաստանի դեսպանությունը ոչ միայն բողոքի նոտա է ուղարկում Արտգործնախարարություն, այլև բնավ ոչ դիվանագիտական լեզվով վիրավորում և պահանջներ ներկայացնում Հայաստանի իշխանություններին, ավելին կոպիտ կերպով միջամտում մեր երկրի ներքին գործերին։
Ռուսաստանի դեսպանությունը գրություն է ուղարկել Արտգործնախարարություն, որտեղ նշել է, թե խստորեն վիրավորված են «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգության մեջ ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքներից։ Չգիտենք, թե մամուլի որ միջոցներում են ռուս պաշտոնյաները նման մեղադրանքներ նկատել, սակայն փաստն այն է, որ իրենց հայտարարության մեջ բառացի մեկ այլ մեջբերում են արել. «Մենք սա դիտարկում ենք որպես ուղղակի սադրանք քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում: Այս ամենի նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Մենք Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսևորումները ճնշելուն, ներառյալ՝ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները»։
Բողոքի այս նոտան իր բնույթով, ձևակերպումներով և չորությամբ աննախադեպ է։
Ըստ էության, դաշնակից պետության իշխանությանը մեղադրում են ցինիկ հաղորդումներ և սրբապիղծ ու կեղծ մեղադրանքներ ներկայացնելու, կոնկրետ որոշ քաղաքական ուժերի մեղադրում են հակառուսականություն տարածելու մեջ և իշխանությանը պարտադրում են ճնշումներ գործադրել նման անբարյացակամ դրսևորումների դեմ։
Եթե, ուղիղ ասենք, այս բողոքի նոտան ուղղված է ոչ թե հակառուսական քաղաքական ուժերին, որոնց պակաս Հայաստանում երբեք էլ չի եղել, իսկ հատկապես 44-օրյա պատերազմից հետո՝ կապված Ռուսաստանի վարքի հետ, ավելի շատացել է, այս նոտան ուղղված է հենց կոնկրետ Նիկոլ Փաշինյանին։ Վերջինս վերջին շրջանում դարձել է ռուսական իշխանությունների աչքի փուշը իր արած մի քանի անզգույշ «արտահայտությունների» համար և այժմ նրա առջև հստակ խնդիր են դնում կա՛մ ճնշել հակառուսական տրամադրությունները Հայաստանում, կա՛մ էլ դա լուրջ հետևանքներ կունենա հենց Փաշինյանի և նրա վարչախմբի նկատմամբ։
Եվ հենց թերևս դա էր պատճառը, որ Հայաստանի գործող իշխանությունները ոչ միայն չեն համարձակվել արձագանքել Ռուսաստանի դեսպանության այս ապտակին, այլ ամեն կերպ փորձում են սվաղել, իսկ սոցիալական ցանցերում և մամուլի միջոցների հարցապնդումներին ի պատասխան քար լռություն են պահպանում։ Սա ո՛չ առաջին ապտակն էր, ո՛չ էլ թերևս վերջինը, և գնալով այդ ապտակներն ավելի կոշտ և առանց սեթևեթանքների են լինելու։
Գոռ Գևորգյան