ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաֆոբ ուժերը Հայաստանում զինված ապստամբություն են նախապատրաստում. կարծիք

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Regnum.ru-ն գրում է, որ Հայաստանում հնարավոր է զինված ապստամբություն հակառուսական նպատակներով: Այդ մասին REGNUM-ի թղթակցին ասել է «Ազատագրում» շարժման առաջնորդ, @mikayelbad հեռագրային ալիքի հեղինակ Միքայել Բադալյանը։

«Այս խաղի գլխավոր գործիքը «Սասնա ծռեր» ահաբեկչական կազմակերպությունն է, ազգայնականներն են և առաջին հերթին ռուսաֆոբները։ Ռուսաստանի հասցեին նրանց մեղադրանքները սկզբունքորեն ոչ մի բանի վրա հիմնված չեն։

Սուրմալուի պայթյունից մի քիչ առաջ նրանք իրենց հեռագրային ալիքով սկսել էին խոսել, որ իբր Ռուսաստանից Հայաստան են ժամանել «Վագներ» մասնավոր զինվորական ընկերության մարտիկները։ Նրանք սկսեցին հրապարակել սպորտային տեսք ունեցող խակի համազգեստով ռուս երիտասարդների լուսանկարներ։ Դա էր նրանց ամբողջ «ապացույցը»։ Չեմ կարծում, որ դա կապված էր դրան հաջորդած պայթյունի հետ, պարզապես նրանք օգտվեցին հետագայում տեղի ունեցած դժբախտությունից` մեծացնելու ռուսաֆոբ քարոզչությունը։ Իրականում, կարծում եմ, նրանք պատրաստվում են ապստամբություն՝ Հայաստանում իշխանության զինված զավթման փորձի։ Նրանք բոլորովին չեն թաքցնում, որ իրենց համախոհների զինված ուսուցում են անցկացնում։

Նրանց առաջնորդը համախմբման, անձնազոհության, ազգային իշխանության ստեղծման կոչ է անում։ Նրանք հանդիպում են կռված մարդկանց հետ, հորդորում են միանալ իրենց։ Նրանք շրջել են սահմանամերձ մեծ թվով գյուղերով և այնտեղ փորձում են մարդկանց ոտքի հանել՝ դրդելով զենք վերցնել»,- ասել է Միքայել Բադալյանը։

Փորձագետը նշել է, որ որքան էլ տարօրինակ հնչի, Սասնա ծռերի գործողությունները համակարգում է գործող իշխանությունը։ Քաղաքագետի կարծիքով թե՛ իշխանությունների, թե՛ Սասնա ծռերի համար գերխնդիրը Հայաստանը Ռուսաստանի ազդեցությունից դուրս բերելն է։ Ուստի, ամենայն հավանականությամբ, Հայաստանում կփորձեն խաղալ «ղազախական սցենարով»։

«Սասնա ծռերը,- կարծիք է հայտնել փորձագետը,- զինված անկարգություններ կբարձրացնեն, վարչապետ Նիկոլ Փաշինյանին «կստիպեն» օգնություն խնդրել ՀԱՊԿ-ից, քանի որ Ղազախստանի նախադեպը կա, և հետևաբար Փաշինյանը չի կարողանա հրաժարվել դրանից, մանավանդ որ Հայաստանը նախագահում է ՀԱՊԿ-ում»։

ՀԱՊԿ ուժերի օգնությամբ իշխանության զինված զավթման այդ փորձը հետ է մղվելու, և  Փաշինյանին առանց այն էլ բացահայտորեն չսիրող Հայաստանի ժողովրդի հիմնական մասը, ըստ քաղաքագետի, կկառուցի «շատ պարզ տրամաբանական շղթա, քանի որ Փաշինյանը վաճառում է Հայաստանը, իսկ Ռուսաստանը պաշտպանում է Փաշինյանին, ստացվում է, որ Ռուսաստանը նույնպես վաճառում է Հայաստանը»: Քաղաքագետը համոզված է, որ իրադարձությունների նման զարգացումից հետո կլինի ոչ միայն ռուսաֆոբիայի աճ, այլ երկրում ռուսաֆոբիայի իրական պայթյուն, որի հետևանքները նույնիսկ դժվար կլինի կանխատեսել։

«Սասնա ծռերի և նրա կողմից կազմակերպված զինված ապստամբության միջոցով հնարավոր կլինի նաև վերացնել ոչ ցանկալի մարդկանց, օրինակ ինձ նման մարդկանց, որոնց հետ նրանք չեն կարող բանակցել և որոնց բերանը փակել չի կարելի, և ովքեր շատ են խառնվում ամեն ինչին։ Առավել ևս, որ նման մարդիկ վայելում են բնակչության ու տարբեր ուժերի աջակցությունը։ ՌԴ ԱԳՆ-ն ասել է, որ կհետևի իմ ճակատագրին, և, իհարկե, դա Հայաստանում շատերին դուր չի եկել։ Հետևաբար, իրավիճակը, իմ կարծիքով, բավականին լուրջ է», -  ասել է Միքայել Բադալյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Երևանի Սուրմալու մեծածախ շուկայում հզոր պայթյուն էր որոտացել, ինչի հետևանքով 16 մարդ է զոհվել։ Հայաստանի իրավապահ մարմինները պայթյունի պատճառն անմիջապես անվանել են վտանգավոր նյութերի պահպանման և հրդեհային անվտանգության կանոնների խախտումը։ Սակայն պայթյունին Ռուսաստանի մասնակցության մեղադրանքներ են հնչել հայկական մի շարք լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում։ Այդ կապակցությամբ օգոստոսի 17-ին Երևանում ՌԴ դեսպանատունը հարկադրված է եղել հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ, որտեղ նման մեղադրանքներն անվանել է «ուղղակի սադրանք քաղաքական ուժերի կողմից, որի նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները» և հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները «կդադարեցնեն նման ոչ բարեկամական դրսևորումները»։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular