ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ում խիստ դժգոհ են Պապիկյանի պահվածքից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սեպտեմբերին կայանալիք վարչության ընտրություններից առաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում բուռն դժգոհություն է առաջացել Պաշտպանության նախարար, կուսակցության գործող վարչության նախագահ Սուրեն Պապիկյանի գործունեությունից։
 
Պապիկյանը փոխվարչապետի, ապա և Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո առանձնապես իր պաշտոնից բխող գործունեությամբ չի զբաղվել, փոխարենը ակտիվորեն զբաղվել է կուսակցաշինության աշխատանքներով, անձամբ է համակարգել կուսակցության խորհուրդների ընտրությունները, ինչպես նաև իր կողմն է գրավել տարբեր պաշտոնյաների՝ նրանց խոստումներ տալով, որ անձամբ կդառնա իրենց հովանավորը, եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը որոշի որևէ մեկին պատժել։
 
Մեր աղբյուրի փոխանցմամբ, հատկապես բուռն դժգոհություն է առաջացրել այն հանգամանքը, որ Պապիկյանը գրեթե բոլոր «յուղոտ» պաշտոններում նշանակում է իր մտերիմներին։ Պապիկյանն առանձին պաշտոնյաներ ունի Երևանի քաղաքապետարանում, գրեթե բոլոր վարչական շրջաններում, այժմ էլ, օգտագործելով Տարածքային կառավարման նախարար եղած ժամանակ ունեցած ազդեցություններն ու կապերը, իր կողմն է գրավում ՏԻՄ-երում «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչներին։
 
Վերջին ամիսներին Պապիկյանն ավելի շատ եղել է տարբեր մարզերում և համայնքներում, մասնակցել «Քաղաքացիական պայմանագրի» խորհուրդների ձևավորմանը, և գրեթե խորհուրդների մեծ մասում մտցրել իր յուրայիններին։ Առաջիկայում 48 ՔՊ-ականներ պայքարելու են վարչության 15 տեղի համար։
 
Մեր աղբյուրի փոխանցմամբ, մտավախություն կա, որ Պապիկյանը կկարողանա լուրջ ներկայություն ապահովել Քաղպայմանագրի վարչությունում՝ այդկերպ կտրելով Նիկոլ Փաշինյանին խուսանավելու հնարավորությունից, իր ձեռքը կենտրոնացնելով իշխանության մի ահռելի մասը, այդ կերպ նաև՝ վտանգ ներկայացնելով Փաշինյանի համար։
 
Շատերը չեն բացառում, որ Պապիկյանը կարող է սեպարատ պայմանավորվածությունների մեջ մտնել այլ քաղաքական ուժերի և կենտրոնների հետ, պալատական հեղաշրջում իրականացնել և փորձել գրավել վարչապետի աթոռը։ Այս մտավախությունները ՔՊ վարչության գործող կազմի անդամներից շատերը ներկայացրել են Նիկոլ Փաշինյանին, սակայն վերջինս հայտարարել է, թե անվերապահ վստահում է Պապիկյանին և նրա կողմից որևէ նման քայլի չի հավատում։
 
Մինչդեռ վերջին շրջանում Պապիկյանը կարողացել է ոչ միայն իր բանակի և կուրսի ընկերներին տեղավորել պաշտոնների, այլ նաև գործող պաշտոնյաներից շատերին էլ իր կողմը գրավել, մասնավորապես այդ նպատակով օգտագործում է Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանին։ Հենց նրա միջոցով է «վերբովկա» անում ՏԻՄ-երում՝ դիմելով շատ ներկայացուցիչների, և չի բացառվում, որ առաջիկայում գործող վարչությունում լուրջ խմորումներ լինեն, ընդհուպ մինչև բախումներ Սուրեն Պապիկյանի դեմ։
 
Արմեն Սերոբյան
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular