ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համակարգային կոռուպցիայի նոր դրսևորում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իշխանության գալով 2018 թվականին՝ փաշինյանական վարչախումբը պարբերաբար հայտարարում է, թե Հայաստանում վերացված է համակարգային կոռուպցիան, իսկ իշխանությունները իբր ամեն ինչ անում են կոռուպցիայի դրսևորումների դեմ պայքարելու համար։ Այն, որ այդ հայտարարությունը կեղծ է և բացարձակ կապ չունի իրականության հետ, վկայում է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի արագ և կասկածելի հարստացումը վերջին 4 տարիների ընթացքում։

Նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Բագրատ Բադալյանը 2021 թվականի հոկտեմբերից նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ընթացքում եղել է Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար, վարչապետի գրասենյակի ղեկավար, ՊԵԿ նախագահի խորհրդական։

Բադալյանը հասցրել է ձեռք բերել «ՃԱՆ նախագիծ ինստիտուտ» ընկերության 88%-ը, որը մեծ հաջողություններ է գրանցել պետական գնումների մրցույթի ճանապարհաշինության ոլորտում։ Եթե 2018 թվականին այդ ընկերության հետ կնքվել էր 12 միլիոն դրամի 3 պայմանագիր, ապա 2020 թվականի ապրիլից հետո «ՃԱՆ նախագիծ ինստիտուտը» շահել է 40 պայմանագիր, իսկ դրանց ընդհանուր արժեքն անցել է 1 միլիարդ դրամի շեմը։

Բադալյանն ու նրա կինը, որ երաժշտական դպրոցի ուսուցչուհի է, 2021 թվականին տուն են գնել ԱՄՆ Վաշինգտոն նահանգի Մերիսվիլ քաղաքում, «Հետքի» տվյալներով գործարքի գինը կազմել է 584000 դոլար։ Դժվար թե պետական ոչ այնքան բարձր աշխատավարձ ստացող պաշտոնյան կարողանար մեծ ունեցվածք ձեռք բերել ոչ միայն Հայաստանում, այլ նաև ԱՄՆ-ում, ընդ որում ԱՄՆ-ի տունը գնվել է ոչ թե հիփոթեքային միջոցներով, այլ կանխիկ, ինչը ևս մեկ անգամ վկայում է՝ պետական բարձրաստիճան պաշտոնյայի կողմից կոռուպցիոն սխեմաների ակտիվ մասնակից լինելու հանգամանքը։

Ընդամենը մեկ պաշտոնյայի օրինակով մենք ցույց տվեցինք, որ Հայաստանում համակարգային կոռուպցիան ոչ միայն չի վերացվել, այլ ավելի խորացվել է, իսկ փաշինյանական վարչախումբն իր բոլոր շղթաներով թաթախված է կոռուպցիայի և կաշառակերության մեջ։

Մովսես Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular