ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եվրամիությունը փորձում է հանգստացնել ՌԴ-ին․ ի՞նչ է սպասվում կարգավորման գործընթացին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը հարցազրույց է տվել Արմենպրեսին, որտեղ հայտարարել է, թե Եվրամիությունը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի հաշտեցմամբ և հիմնախնդրի կայուն լուծմամբ։

Դեսպանը խոսել է գերիներին վերադարձնելու անհրաժեշտության մասին, ընդգծել, թե Եվրամիությունը կողմ է հակամարտության հետ կապված բոլոր խնդիրների համապարփակ կարգավորմանը, անդրադարձել նաև հայ-թուրքական հարաբերություններին՝ նկատելով, թե Եվրամիությունն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ քննարկումների նախաձեռնությանը՝ հույս հայտնելով, որ սա կտանի դեպի կարգավորում։

Հարցազրույցի ամենակարևոր ուղերձը ուղղված է Ռուսաստանին, ըստ էության, Եվրամիության ներկայացուցչին մտահոգել է ռուսական կողմի դժգոհությունը, որ Եվրամիությունը փորձում է իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում և այս հարցազրույցով փորձել է ռուսներին համոզել, թե կարգավորման գործընթացում Եվրամիության ներգավվածությունը բոլորովին էլ մրցակցություն չէ, այլ փոխլրացում է այլ ջանքերի միջոցով։

Պաշտոնական Մոսկվան ավելի վաղ հայտարարել էր, թե Բրյուսելն ուզում է Ռուսաստանից խլել հայ-ադրբեջանական հաշտեցման միջնորդությունը, և Անդրեա Վիկտորինը փորձում է համոզել, թե Եվրամիության ավելի ակտիվ դերակատարումը որևէ կերպ ուղղված չի այլ դերակատարների դեմ։

«Պետք է ընդգծեմ, սակայն, քանի որ շատ են շահարկումներն այս հարցի շուրջ, մենք պետք է խոսենք փոխլրացման, ոչ թե մրցակցության մասին, երեք եռակողմ հանդիպումները Բրյուսելում նպատակ ունեին աջակցելու կայուն հանգուցալուծմանը։ Միևնույն ժամանակ ԵՄ-ը հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նախաձեռնեց բարձր մակարդակի հանդիպումներ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի խորհրդականի Հիքմեթ Հաջիևի միջև։ Այս բարձր մակարդակի միջնորդությունները շփումների որակային ավանդ է, որ մենք կարող ենք ունենալ այս գործում և Եվրամիությունն իսկապես հանձնառու է շարունակելու մեր ջանքերն այս ձևաչափում»,- նշել է Վիկտորինը։

Ամեն դեպքում արձանագրենք, որ որևէ կերպ եվրոպական կողմի այս հավաստիացումները չեն կարող ազդել Ռուսաստանի տրամադրվածության վրա, հատկապես ուկրաինական ճակատում Եվրամիության ձեռնարկած գործողությունները ակնհայտորեն նյարդայնացնում են պաշտոնական Մոսկվային, որն էլ բոլոր միջոցներով թույլ չի տալու այլ միջնորդների առավել մեծ նախաձեռնողականությունը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում։

Գնել Պետրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular