ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն ամրապնդվում է Հարավային Կովկասում․ Բաքվի նյարդային արձագանքը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր ներկայացուցիչ է նշանակել՝ հարուցելով ադրբեջանական իշխանությունների վայնասունը։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել է կովկասյան բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ, և նորանշանակ դեսպանը ոչ միայն լինելու է Մինսկի խմբի համանախագահը, այլև աշխատելու է Ժնևյան միջազգային քննարկումների ձևաչափում որպես ԱՄՆ ներկայացուցիչ։

Հայաստանյան քաղաքական վերլուծաբանների գնահատմամբ՝ Ռիքերի նշանակումը վկայում է, որ Միացյալ Նահանգները ցանկանում է ամրապնդվել Հարավային Կովկասում և բավականին հայտնի ու լուրջ հետագիծ ունեցող դիվանագետի է նշանակում այդ պաշտոնի համար։

Ռիքերը աշխատանքի մեծ փորձ ունի Եվրոպայում և Միջազգային կառույցներում, մինչ վերջերս եղել է Մեծ Բրիտանիայում ԱՄՆ դեսպանատան գործերի հավատարմատարը, իսկ մինչ այդ էլ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ, տարբեր տարիների զբաղեցրել է դեսպանի, գլխավոր հյուպատոսի այլ պաշտոններ։

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարության մեջ նշված է, թե Միացյալ Նահանգները հանձնառու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝ բանակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման շուրջ։

Դեսպան Ռիքերը երկկողմանի համագործակցություն կապահովի համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, և որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահ իր դերի միջոցով կհեշտացնի Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությունը։

Ադրբեջանի արտգործնախարարության պատասխանը մեղմ ասած հեռու է դիվանագիտական լինելուց, ԱԳՆ մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, թե պետքարտուղարի հայտարարության մեջ ի ցույց է դրված հետկոնֆլիկտային իրողություններից հեռու լինելու հանգամանքը։ Բաքուն նաև նշել է, թե կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի վերակենդանացման փորձերը կարող են հանգեցնել կարգավորման գործընթացներից ԱՄՆ-ի հեռացմանը։

Մինսկի խմբի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է և հստակ ներկայացվել ամենաբարձր մակարդակով։

«Գործնականորեն չգործող Մինսկի խմբի վերակենդանացման փորձերը դատապարտելի են»,- ասել է Աբդուլաևը։

Հիշեցնենք, որ ի սկզբանե արցախյան 44-օրյա պատերազմից հետո թե՛ Հայաստանը, թե՛ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն անընդհատ շեշտադրում են ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը վերագործարկելու մասին, միայն Ադրբեջանն ու Ռուսաստանն են հայտարարում, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը վաղուց մեռած է և այլևս չի կարող զբաղվել կարգավորման գործընթացով։

Ըստ էության, Միացյալ Նահանգների նոր որոշման Ադրբեջանի այս նյարդային արձագանքը վկայում է, որ բավականին լուրջ խորքային պրոցեսներ են ընթանում Լեռնային Ղարաբաղի կարգավորման ուղղությամբ, որոնք ամենևին չեն բխում Բաքվի շահերից։ 

Վահագն Մինասյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular