ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ՌԴ բողոքի նոտային, բայց վախենում է հրապարակել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի ԱԳՆ-ն «սահմանված» կարգով պատասխանել է Ռուսաստանի դեսպանության բողոքի նոտային, սակայն այդ պատասխանի բովանդակությունը հայ հանրությունը այդպես էլ չի իմանա, եթե, իհարկե, Ռուսաստանի պաշտոնական մարմինները տեղեկատվության արտահոսք չիրականացնեն։ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտարարել է, թե նոտայի բովանդակությունը ներքին գրագրության մաս է, և ճիշտ չեն համարում դրա հրապարակումը։

Հիշեցնենք Ռուսաստանի դեսպանությունը մեկ շաբաթ առաջ նոտա էր հղել Հայաստանի արտգործնախարարությանը՝ հայտարարելով, որ վրդովված է «տեղական տեղեկատվական տարածքում շրջանառվող ցինիկ արտանետումների կապակցությամբ, որոնք «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգությանն առնչություն ունենալու հրեշավոր և կեղծ մեղադրանքներ են պարունակում՝ հասցեագրված ռուսաստանյան կառույցներին»։

Ռուսաստանի դեսպանությունը իր բավականին կոշտ և դիվանագիտական ձևակերպումներից զուրկ նոտայում, Հայաստանի իշխանություններից պահանջել էր նման ոչ բարեկամական դրսևորումների կանխարգելմանն ուղղված քայլեր անել՝ այդ թվում անհրաժեշտ հրապարակային մեկնաբանություններ։

Հաջորդ օրը գրեթե նույն հայտարարությունն արել էր Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իվան Նեչաևը՝ նշելով, թե Ռուսաստանի ԱԳՆ-ն սպասում է հրապարակային պատասխանի Հայաստանի արտգործնախարարությունից։ ԱԳՆ-ն այդպես էլ չի բացահայտում, թե ինչ է պատասխանել, արդյո՞ք պատասխանել է, թե Ռուսաստանի բողոքի նոտան կոպիտ միջամտություն է Հայաստանի ներքաղաքական խնդիրներին և դատապարտում են, թե՞ ներողություն է խնդրել արևմտամետ քաղաքական ուժերի կամ լրատվամիջոցների հայտարարությունների համար։

Ըստ էության, Հայաստանի արտգործնախարարությունը չի ցանկանում, որպեսզի հանրությունը տեղյակ լինի իրենց պատասխանից։ Յուրաքանչյուր տարբերակով էլ Հայաստանի ԱԳՆ-ն լուրջ խնդիրներ է ունենալու Ռուսաստանի հետ։ Իհարկե, գրեթե վստահաբար կարելի է ասել, որ ռուսական պաշտոնական աղբյուրներն անպայման արտահոսք կիրականացնեն և կտեղեկացնեն հանրությանը, թե ինչ պատասխան են ստացել Հայաստանի ԱԳՆ-ից։ Իսկ մենք արձանագրենք, որ հերթական անգամ Հայաստանի իշխանությունները լուրջ ապտակ ստացան Ռուսաստանի իշխանությունների կողմից։

Գոռ Սարգսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular