ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տոկաևը հայտարարել է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ղազախստանի նախագահ Քասըմ Ժոմարտ Տոկաեւը հայտարարել է ընթացիկ տարվա աշնանն արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու մտադրության մասին: «Ինձ համար պետության շահերը վեր են ամեն ինչից: Ուստի ես պատրաստ եմ կրճատել իմ լիազորությունների ժամկետը եւ գնալ արտահերթ նախագահական ընտրությունների»,-հայտարարել է նա՝ երկրի ժողովրդին հղած ուղերձով հանդես գալով խորհրդարանի պալատների համատեղ նիստում:

Դրա հետ մեկտեղ նա նաեւ կոչ է արել՝ պետության ղեկավարի լիազորությունների տեւողությունը սահմանափակել մեկ յոթնամյա ժամկետով. այժմ Ղազախստանի քաղաքացիները կարող են նույն մարդուն նախագահ ընտրել երկու հնգամյա ժամկետով: Տոկաեւի կարծիքով, նրանց առաջարկվող փոփոխությունները «զգալիորեն կնվազեցնեն իշխանությունը մենաշնորհացնելու ռիսկերը»:

«Հենց այդ պատճառով առաջարկում եմ ներդնել միանգամյա նախագահության նորմը: Մենք պետք է հաստատենք իշխանության ձեւավորման եւ գործառնության քաղաքակիրթ սկզբունքներ: Նոր նախագահական համակարգը կամրապնդի քաղաքական կայունությունը, հասարակական կարգի ղազախական մոդելի հաստատունությունը»,-ընդգծել է նա: Բացի այդ, Տոկաեւն առաջարկել է 2023 թվականին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Ընդհանուր առմամբ բոլոր ինստիտուցիոնալ փոփոխությունները, որոնք նախատեսվում են սահմանադրական բարեփոխմամբ, անհրաժեշտ է օրենսդրորեն ավարտել արդեն մինչեւ տարեվերջ: Առաջարկում եմ մաժիլիսի եւ մասլիխաթների (տեղական ներկայացուցչական մարմիններ) ընտրությունները բոլոր մակարդակներով անցկացնել հաջորդ տարվա առաջին կեսին»,-հայտարարել է նա: Սկզբնապես խորհրդարանի ընտրությունները պետք է կայանային 2025 թվականին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular