ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի լեզվաբանի ամուսնու սպանության գործով բացարկ ե՛ւ դատավորին, ե՛ւ դատախազին

ԻՐԱՎՈՒՆՔ

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստի ժամանակ այսօր ամբաստանյալների պաշտպանները բացարկ հայտնեցին դատավորին՝ դատավարական գործողությունների վերաբերյալ ոչ պատշաճ ծանուցումներ ուղարկելու համար, ինչը դատարանը մերժեց:

Դատավորի բացարկին հաջորդեց  մեղադրող դատախազին բացարկը, ամբաստանյալ Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը բացարկը հիմնավորեց նախաքննության ընթացքում թույլ տրված դատավարական խախտումներով, որոնց վրա, նրա պնդմամբ,  դատախազը աչք էր փակել:

Յուրի Հակոբյանի պաշտպան Արմեն Նադիրյանն էլ դժգոհեց՝ նախաքննական մարմինը դեպքից ավելի քան մեկ ամիս հետո է ստուգել Հակոբյանի՝ այլ վայրում լինելու ապացուցող հանգամանքը, փոխարենը  քննչական օպերատիվ գործողություններ պետք արվեին:

Պաշտպանները պնդեցին, որ դատախազն իսկզբանե  կանխակալ է եղել գործով: «Եղիշեն ինքն իրեն ընկավ ու մեռա՞վ»,- արձագանքեց  տուժողի իրավահաջորդ, լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանը:

Դատախազին բացարկի միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի հաջորդ նիստին, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ հետաձգելով դատական նիստը:

Ի դեպ, այսօր նիստի ընթացքում ամբաստանյալները ներկայացրին իրենց կենսագրական տվյալները, պարզվեց՝ նրանցիցի միայն երկուսը դատապարտված չեն եղել նախկինում, իսկ մյուսները՝ Խաչիկ Կոսյանը, Արարատ Նիկողոսյանն ու Յուրի Հակոբյանը դատվածություն ունեն:

Հիշեցնենք, որ ԴԱՀԿ ծառայության աշխատակից Խաչիկ Կոսյանին, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին եւ Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1,4 կետերով:

Ըստ մեղադրանքի, խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:

Միեւնույն ժամանակ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ` Արտաշես Չիչոյանը եւ մյուսները նույն խմբի կազմում կատարել են խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular