ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատրաստվի Օնիկ Գասպարյանը. բանակի դեմ արշավը շարունակվում է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քննչական կոմիտեն երեկ երեկոյան հաղորդագրություն տարածեց և հայտնեց՝ մեղադրանք է առաջադրվել Արցախի պաշտպանության նախկին նախարար, պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին։

Նախօրեին էլ կալանավորվել էր Ջալալ Հարությունյանին այդ պաշտոնում փոխարինած Միքայել Արզումանյանը։ Ջալալ Հարությունյանի մասով մեղադրանքը գրեթե նույնն է՝ պաշտոնական անփութություն, որը հանգեցրել է ծանր հետևանքների։

Ըստ էության, երկու դրվագով են մեղադրանքներ առաջադրել, իբր լավ չի հաշվարկել հայկական ստորաբաժանումների հնարավորությունները, ձախողել է հակահարձակումները, և ինչի հետևանքով տասնյակ հայ զինվորներ են զոհվել։ Ի տարբերություն Արզումանյանի, Ջալալ Հարությունյանի նկատմամբ մեղմ են վարվել, խափանման միջոցը կալանք չեն ընտրել, սակայն կասեցրել են նրա պաշտոնավարումը։

Ի դեպ, երեկ ցերեկը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում շրջանավարտների ավարտական միջոցառմանը Ջալալ Հարությունյանը կանգնած էր Սուրեն Պապիկյանի և գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի կողքին։ Սակայն հաղորդագրությունից անմիջապես հետո թե՛ պաշտպանության նախարարության կայքից և թե՛ ՊՆ մամուլի քարտուղարի էջերից լուսանկարն անհետացավ։

Փոքրոգության այսպիսի դրսևորում դժվար չէր ակնկալել գործող վարչախմբի ներկայացուցիչներից, նրանք բազմիցս ապացուցել են, որ կարմիր գծեր չունեցող միավորում են, որի թիվ մեկ հրամայականն ու նպատակը ամեն գնով իշխանությունը պահելն է։

Իսկ այժմ կարելի է ենթադրել, որ հաջորդ մեղադրյալը լինելու է Հայաստանի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը, որին ևս, ըստ մեծ հավանականության, մեղադրանք կառաջադրեն, կկալանավորեն կամ այլ խափանման միջոց կընտրեն։ Ընդ որում սոցիալական ցանցերում տարածված կարծիքների համաձայն՝ այս իրավիճակի թիվ մեկ մեղավորը հենց Օնիկ Գասպարյանն ու նրա նախկին ենթականերն են, որոնք չունեցան այնքան համարձակություն «խրոխտ» հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու։

Եվ այժմ Նիկոլ Փաշինյանը համապատասխան ձևով «երախտապարտ» է լինելու թե՛ Գասպարյանի, և թե՛ մյուս զինվորականների հանդեպ։ Մեկիկ-մեկիկ նստեցնելու է, նրանց գլխին է բարդելու պարտության հիմնական մեղքը և հանրության մեջ տպավորություն է ստեղծելու, թե 44-օրյա պատերազմում պարտվել ենք բացառապես «ղզիկ» հրամանատարների պատճառով։ 

Գոռ Լևոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular