ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը. Արարատ Միրզոյանի հայտարարությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարությունը, այս հայտարարությունն արել է գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով օգոստոսի 31-ի բրյուսելյան հանդիպման վերաբերյալ շահարկումներին։
 
Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրին, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Բրյուսելում 5 սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագիր կնքելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել: «Նախ՝ երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչում, երկրորդ ՝ տարածքային ցանկացած պահանջից փոխադարձ հրաժարում, երրորդ՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, չորրորդ՝ սահմանների դելիմիտացիա, հինգերորդ՝ հաղորդակցության բացում»,–ասել է Ալիևը։ Նրա խոսքով` ՀՀ վարչապետն ընդունել է վերոհիշյալ 5 կետերը։
 
«Հայկական կողմի տեսակետն Ադրբեջանի կողմից առաջարկված հինգ կետերի վերաբերյալ անփոփոխ է: Ինչպես ասել ենք նախկինում, 2022թ. մարտի 10-ին Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներում մեզ համար անընդունելի ոչինչ չկա: Այլ բան, որ այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին փոխանցած մեր պատասխանով մենք լրացրել ենք օրակարգը և հետևաբար այդ հենքի վրա պատրաստ ենք խաղաղության բանակցությունների շարունակությանը»,– նշել է Միրզոյանը:
 
Նախարարը շեշտել է, որ սա ևս մեկ անգամ վերահաստատվել է վարչապետ Փաշինյանի կողմից Բրյուսելում տեղի ունեցած վերջին քննարկումների ընթացքում:

«Այս տեսակետը չլսելը կամ չլսելու փորձերը հայկական կողմին հիմք են տալիս կասկածելու Ադրբեջանի՝ խաղաղության հասնելու մտադրության անկեղծության մեջ։ Ավելին` բանակցությունների շարունակական կամայական, իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունները և պայմանավորվածությունների կատարումից խուսափելը թույլ են տալիս մտածելու, որ Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը և ուժի կիրառման միջոցով շարունակելու էթնիկ զտումների իր քաղաքականությունը»,– եզրափակել է Միրզոյանը:

Հիշեցնենք` օգոստոսի 31-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Ըստ պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են արտգործնախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular