ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խաղաղության դարաշրջանը» տապալված է. ԱԳՆ խոստովանությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ադրբեջանը միտված է տապալելու խաղաղության գործընթացը»,- հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով բրյուսելյան հանդիպման վերաբերյալ իր խոսքով որոշ շահարկումների։

Նշենք, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իտալացի լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, թե Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների գործնական բանակցությունները «Խաղաղության պայմանագրի» շուրջ հիմնված է լինելու Բաքվի առաջարկած և Երևանի կողմից ընդունված 5 սկզբունքների վրա. երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչում, տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարում, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, սահմանազատում և հաղորդակցումների բացում։

«Այս սկզբունքներն Ադրբեջանն առաջարկել է Հայաստանին, և Հայաստանի վարչապետն ընդունել է դրանք։ Դա վերահաստատվել է նաև Բրյուսելում մեր հանդիպման ժամանակ»,- ասել է Ալիևը։

Նա նաև հույս է հայտնել, թե մի քանի ամսվա ընթացքում կողմերին կհաջողվի ավարտին հասցնել աշխատանքը և խաղաղության պայմանագրի ստորագրումը։

Արտգործնախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը, ըստ էության, պատասխան է Ալիևին՝ նշելով, թե հայկական տեսակետն Ադրբեջանի վերաբերյալ անփոփոխ է, և Հայաստանի համար անընդունելի ոչինչ չկա, Միրզոյանն ասում է, թե այդ առաջարկները չեն հասցեագրում Հայաստան-Ադրբեջան համապարփակ խաղաղության օրակարգի բոլոր հարցերը։

Հայաստանի իշխանությունները ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրներին փոխանցել են իրենց առաջարկները՝ 6 կետով, որոնք որևէ կերպ ընդունելի չեն ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ որևէ այլ կողմի համար, բացի հայկական կողմին։

Ըստ էության, հայկական կողմը առանձնապես չի բարձրաձայնում իր 6 լրամշակված կետերը, փոխարենը Ադրբեջանին փորձում է մեղադրել բանակցությունները տապալելու և ուժային ճանապարհով հարցը լուծելու համար։

Արտգործնախարար Միրզոյանի այս խոստովանությունը վկայում է, որ «Խաղաղության դարաշրջան» հայտարարելու Նիկոլ Փաշինյանի ցանկությունը պարզապես ոչնչացված է, որևէ աղերս չունի իրականության հետ և, Արարատ Միրզոյանն առաջինն է խոստովանում, որ իրենց «Խաղաղության դարաշրջանը» տապալվել է։ Առաջին և կարևոր հարցը, որ առաջանում է Միրզոյանի այս հայտարարությունից հետո, թե ինչո՞ւ է այժմ Արարատ Միրզոյանը բարձրաձայնում այս մասին։

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մտադիր է կադրային վերադասավորումներ իրականացնել Հայաստանի կառավարությունում։ Լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, թե Արարատ Միրզոյանը ինքը լքելու է արտգործնախարարի պաշտոնը և այն փոխանցելու է Հատուկ հանձնարարություններով դեսպան՝ Էդմոն Մարուքյանին։

Ըստ էության, Արարատ Միրզոյանը մտադիր է հեռանալիս իր հետևից շխկացնել դուռը և որպեսզի կարողանա հայտարարել, թե ինքը իրականում որևէ մեղսակցություն չունի թե՛ «Խաղաղության դարաշրջանի» ձախողման, թե՛ ընդհանրապես Հայաստանի պարտության մեջ։ Մինչդեռ փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանից ոչ պակաս Հայաստանի պարտության և ստեղծված իրավիճակի համար պատասխանատու են նրա բոլոր կողմնակիցները, հատկապես ուժային և արտաքին քաղաքական հարցերի պատասխանատուները։

Նարեկ Կիրակոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular