ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ն պարտվելու է խոշոր համայնքներում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սեպտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ են կայանալու 18 համայնքներում, որոնցից 17-ում համամասնական ընտրակարգով։

Ընտրատարածքների մեծ մասում հաղթելու ամենամեծ շանսերը, ցավոք, ունի գործող իշխանությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Մի շարք համայնքներում, սակայն, բավական լուրջ մրցակցություն կա, և «Քաղաքացիական պայմանագիր»-ը նույնիսկ այսօր կարելի է արձանագրել, որ լրջորեն պարտված է։ Հատկապես 2 համայնքներում՝ Ալավերդիում և Քաջարանում, «Քաղաքացիական պայմանագիր»-ը ընդհանրապես շանս չունի։

Ալավերդիում գործող իշխանությունը թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական, ներկայումս Ազգային ժողովի պատգամավոր Արեն Մկրտչյանին։ Վերջինս տարիներ շարունակ ֆեյսբուքյան իր էջում գովազդում է իրեն, իբր լուրջ աշխատանքներ է իրականացնում Ալավերդիում։ Մինչդեռ Ալավերդու մեր աղբյուրների փոխանցմամբ, Արեն Մկրտչյանը պարզապես ակտիվ քարոզչություն է անում՝ այլոց կատարած աշխատանքներն իրեն վերագրելով, իսկ արվածը որևէ կերպ իրավիճակ չի փոխում Ալավերդիում։

Հատկապես հաշվի առնելով, որ քաղաքում երկու հանքերի փակման հետևանքով գործազրկության ահռելի աճ գոյություն ունի, մարդիկ ավելի շատ հակված են ընտրելու նախկիններին, քան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Արեն Մկրտչյանի հիմնական մրցակիցը Ախթալայի գործող ղեկավար Արկադի Թամազյանն է։ Նախկին հանրապետականն առաջադրվել է այս անգամ «Ապրելու երկիր» կուսակցության ընտրական ցուցակով։

Բավական լուրջ մրցակցություն են ապահովում նաև «Դաշնակցությունն» ու «Հայ ազգային կոնգրեսը», որոնք ևս տարածքում մեծ հեղինակություն վայելող թեկնածուների են առաջադրել։ Ըստ էության, Արեն Մկրտչյանը որևէ շանս չունի անցնելու, ընդ որում նա մտահոգվելու մեծ խնդիր էլ չունի, չանցնելու դեպքում շարունակելու է պահել իր պատգամավորական մանդատը։

Հաջորդ տարածքը Քաջարանն է, որտեղ գործող քաղաքապետ Մանվել Փարամազյանին հակադրվում են «Հանրապետություն» կուսակցության կողմից առաջադրված թեկնածուն՝ Վարդան Գրիգորյանը, ով 20 տարվա հանրապետական է և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրված գործարար Արմեն Առաքելյանը։ Վերջինս ընդամենը գրանցված է Քաջարանում, մինչդեռ աշխատել և գործունեություն է ծավալել Երևանում և, ըստ էության, Քաջարանում գրեթե վստահ են, որ Առաքելյանը ոչ միայն երկրորդ, այլ հազիվ երրորդ տեղը կկարողանա զբաղեցնել ընտրությունների արդյունքում։ Փարամազյանի հաղթանակը կասկած չի հարուցում։

Մի շարք տեղերում ընդդիմությանը, կամ մերձընդդիմադիր ուժերին կհաջողվի ներկայություն ապահովել, ընդ որում «Ապրելու երկիր» կուսակցությունը այս անգամ հատկապես ակտիվ է մասնակցում ընտրություններին, քանի որ Ռուբեն Վարդանյանի Արցախ տեղափոխվելուց հետո, նրանց թվում է, թե դա որոշակի առումով քննություն է լինելու, որպեսզի հանրությանը և հատկապես ռուսական շրջանակներին ցույց տան, թե ինչպիսի մեծ հեղինակություն է վայելում Ռուբեն Վարդանյանը։ Առաջիկայում բավականին հետաքրքիր զարգացումներ են սպասվում, որի ականատեսը կլինենք արդեն սեպեմբերի 25-ից հետո։ 

Հարություն Թորոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular