ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոմպլեմենտարիզմ փաշինյանական սոուսով

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ մեկնել է Մոսկվա։ ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նա հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին վերաբերող հարցեր։

Նույն օրը հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգներ է մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Ընդ որում, որոշ աղբյուրների փոխանցմամբ, Պապիկյանն իր այցի ընթացքում առանձին հանդիպում է ունենալու Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օստինի հետ։ Այս հանդիպումը, մեղմ ասած, չափազանց կարևոր և լուրջ նշանակություն ունի, հաշվի առնելով, որ Պենտագոնի ղեկավարը շատ քիչ Պաշտպանության նախարարների է հանդիպում։

Երեկ նաև հայտնի է դարձել, որ Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Վլադիվոստոկ, որտեղ սեպտեմբերի 7-ին կմասնակցի «Բազմաբևեռ աշխարհի ճանապարհին» թեմայով արևելյան տնտեսական 7-րդ համաժողովի լիագումար նիստին։ Այս հանդիպմանը մասնակցելու են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Մյանմայի, Մոնղոլիայի ղեկավարները, Չինաստանի նախագահը, Հնդկաստանի և Մալայզիայի վարչապետները։

Նախատեսված են Ռուսաստանի նախագահի երկկողմ հանդիպումներ երկրների ղեկավարների հետ։ Կարելի էր կարծել, թե այս առումով առաջնությունը Ռուսաստանի կողմն է, ուր մեկնելու է Նիկոլ Փաշինյանը։ Մինչդեռ նաև հայտնի է դարձել, որ Հայաստանը հրավեր է ստացել մասնակցելու հոկտեմբերին Պրահայում կայանալիք Եվրամիության ոչ պաշտոնական գագաթնաժողովին։

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսքով, նախատեսվում է քննարկել եվրոպական քաղաքական համայնքի ստեղծման գաղափարը՝ համագործակցելու այն երկրների հետ, որոնք դիտարկում են Եվրամիությանը հնարավոր անդամակցության տարբերակը։ Հրավիրյալների թվում են նաև Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Արևմտաբալկանական 6 երկրները և Ադրբեջանը։ Հանդիպմանը Թուրքիայի մասնակցությունը հարցականի տակ է Հունաստանի և Կիպրոսի բողոքի պատճառով։

Ըստ էության, եվրոպական երկրները փորձում են մի կողմից ցույց տալ իրենց ադրբեջանամետ դիրքորոշումները, մյուս կողմից՝ «փշի-փշի» են անում Հայաստանի իշխանություններին՝ նրանց Ռուսաստանից պոկելու համար։ Եվ փաշինյանական վարչախումբը փորձում է մանևրել բոլոր ուժային կենտրոնների միջև, որպեսզի կարողանա հասկանալ, թե ո՞ւր է ինքը գնում և ի՞նչ կարող է անել։

Իհարկե, իրավիճակը չափազանց վտանգավոր և ռիսկային է՝ հաշվի առնելով Ռուսաստանի չափազանց խանդոտ վերաբերմունքը նման իրավիճակներին։ Այս հանգամանքը, սակայն, փաշինյանական իշխանությանը չի կանգնեցնում։ Իհարկե, շատ բարդ է ասել, թե որքանով սա դրական արդյունք կարող է տալ, բայց ամեն դեպքում ձախողվելու դեպքում լրջագույն խնդիրներ կարող է հարուցել Հայաստանի համար։ 

Դավիթ Մանուկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular