ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոխվարչապետին կհանեն. ՔՊ-ում ինքնուրույն դեմքեր չկան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի կառավարության նիստը երեկ՝ Նիկոլ Փաշինյանի բացակայության պայմաններում՝ վարել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը։ Մինչ Փաշինյանը գտնվում էր Վլադիվոստոկում և հանդիպում էր ունենում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, հայ համայնքի ներկայացուցիչների հետ, երիտասարդ փոխվարչապետը փորձում էր սանձել այլևս «լկստված» նախարարների եռանդը և ամենայն մանրամասնությամբ անցկացնել նիստը։

Իրականությունը սակայն այն է, որ Նիկոլ Փաշինյանի բացակայության պայմաններում թե՛ Հայաստանի գործադիր իշխանությունը, թե՛«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը և թե՛ ընդհանրապես իշխանական թիմը իրենցից բացարձակապես ոչինչ չեն ներկայացնում։

«Քաղպայմանագրի» մեր աղբյուրի փոխանցմամբ, առայժմ լուռ դժգոհություն կա Համբարձում Մաթևոսյանի նկատմամբ, նրան համարում են ոչ թե ինքնուրույն գործիչ և Հայաստանի առանցքային պաշտոններից մեկը զբաղեցնող անձ, այլ ավելի շատ ոչ թե Նիկոլ Փաշինյանի, որքան պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի կցորդ։

Նշենք, որ փոխվարչապետի պաշտոնից հրաժարվելուց հետո Պապիկյանը դարձավ Պաշտպանության նախարար, իսկ Համբարձում Մաթևոսյանին նշանակեցին փոխվարչապետ։ Խնդիրն այստեղ ընդամենը ասֆալտի գործ անելու վերահսկումն էր։ Հատուկ Պապիկյանի համար այդ գործը հանել էին Տարածքային կառավարման նախարարության լիազորություններից և ճանապարհային դեպարտամենտն ամբողջությամբ փոխանցել փոխվարչապետի աշխատակազմին։

Թե՛ դեպարտամենտը և թե՛ հիմնական պաշտոնները այնտեղ վարում են Սուրեն Պապիկյանի կադրերը, և նա ամեն ինչ անում է Հայաստանի ամենայուղոտ պատառներից մեկը ձեռքից վայր չթողնելու համար։ Այդուհանդերձ «Քաղպայմանագրում» հստակ գիտակցում են, որ սեպտեմբերի 18-ին ՔՊ վարչության ընտրություններից հետո, որտեղ Մաթևոսյանն, ըստ ամենայնի, վարչության անդամ չի ընտրվի, ստիպված կլինի լքել այդ պաշտոնը, իսկ փոխվարչապետ, ըստ ամենայնի, կնշանակվի «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանը։

Որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը մտադիր է մի ամբողջ շարք նախարարություններ հանձնել իր նախկին ու ներկա գործընկերներին, արտախորհրդարանական ուժերին, որպեսզի նրանց միջոցով փոխի իր «կառավարության ֆասադը» և հանրությանը ներկայանա նոր տեսքով, իբր իշխանությունները ցանկանում են ինչ-որ բան փոխել երկրում։

Իրականում Նիկոլ Փաշինյանն ընդամենը մի քանի ոլորտներ հանձնելու է գործընկերներին, բայց իր ձեռքում է պահելու ոչ միայն վերահսկողությունը, այլ նաև ֆինանսական ամբողջ շարժը, իսկ ամբողջ պայքարը ՔՊ վարչության կազմում ընդգրկվելու համար ընթանում է 47 թեկնածուների միջև, որպեսզի նրանք կարողանան պահպանել իրենց պաշտոնները։

Վաչե Թադևոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular