ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տարօրինակ միտումներ «Միջազգային հանրապետական ինստիտուտի» հարցումներում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ամերիկյան «Միջազգային հանրապետական ինստիտուտը» ներկայացրել է իր վերջին հարցումների արդյունքները, որոնք թե՛ մտահոգիչ են, թե՛ տարօրինակ։ Ամերիկյան կառույցը հարցեր է հղել քաղաքական տարբեր դերակատարների, իշխանության մարմինների աշխատանքի վերաբերյալ, և արտառոց պատկեր է ստացել։ Մասնավորապես, հարցվածների 53 տոկոսը դրական կամ խիստ դրական կարծիք ունի Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Բացասական կամ խիստ բացասական կարծիք է հայտնել 33 տոկոսը։ Մյուս քաղաքական գործիչների դեպքում բացասական և խիստ բացասական գնահատականները գերակշռում են դրականին։

40 տոկոսը բացասաբար է տրամադրված Ալեն Սիմոնյանի, 61 տոկոսը՝ Ռոբերտ Քոչարյանի, 55 տոկոսը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, 63 տոկոսը՝ Սերժ Սարգսյանի, 60 տոկոսն՝ Իշխան Սաղաթելյանի, 64 տոկոսը՝ Արթուր Վանեցյանի նկատմամբ։

Հարցին, թե ո՞ր քաղաքական գործչին կամ անձին են ամենաշատը վստահում, հարցվողները նշել են՝ Նիկոլ Փաշինյան՝ 16 տոկոս, Ռոբերտ Քոչարյան՝ 3 տոկոս, ոչ ոքի՝ 64 տոկոս, այլ պատասխան՝ 8 տոկոս:

Այն հարցին, թե ո՞ր քաղաքական կուսակցությանը կամ դաշինքին ձայն կտային, եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի օրը, հարցվողները նշել են՝ ՔՊԿ՝ 25 տոկոս, «Հայաստան» դաշինք՝ 6 տոկոս, ՀՅԴ՝ 2 տոկոս, ՀՀԿ՝ 1 տոկոս, չի պատրաստվում քվեարկել հարցվածների 25 տոկոս, ոչ ոքի՝ 15 տոկոս:

Ամերիկյան ֆինանսավորմամբ այս հարցումը, բնականաբար, հավատարժան լինել չի կարող, 44-օրյա պատերազմում պարտություն կրած ղեկավարն այդքան վստահության ռեսուրս անհնար է, որ ունենար։ Իհարկե, կլինեն մարդիկ, որոնք չեն համաձայնվի այս պնդման հետ, բայց խնդիրը մեկն է՝ հանրությունը չի վստահում նաև ընդդիմադիր առաջնորդներին ու ուժերին, թարմ, նոր գաղափարներով դեմքերի է պահանջում։

Միայն «նախկիններ-ներկաներ» դիսկուրսն է, որ պահպանում է Հայաստանում գործող վարչախմբի իշխանությունը, այլ՝ ավելի թարմ և չվարկաբեկված ընդդիմադիր առաջնորդների պարագայում նույնիսկ «Միջազգային հանրապետական ինստիտուտը» չի կարողանա հարցումներ նկարել և հրամցնել հայ հանրությանը։ Եվ ստացվում է՝ նույն այս նախկինների ահից հանրության մի զգալի մասը գնում և կրկին վստահության քվե է տալիս պարտության սիմվոլ Փաշինյանին։

Իրավիճակն ամենևին էլ անհույս չէ, հարկավոր է, որ իրական ընդդիմադիր ուժերը մի կողմ դնեն իրենց ամբիցիաները, համախմբվեն և նոր դեմքերով պայքար սկսեն, այլապես հետևանքներն անդառնալի կլինեն Հայաստանի համար։ 

Հայկ Մարտիրոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular