ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ ՌԾՈւ-ն ՉԹՕ-ների բազմաթիվ տեսագրություններ է պահում՝ դրանք չհրապարակելով անվտանգության նկատառումներով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ ՌԾՈւ-ն չճանաչված թռչող օբյեկտների (ՉԹՕ) բազմաթիվ տեսագրություններ է պահում, բայց չի հրապարակելու դրանք, որովհետեւ դա «վնաս կհասցնի ազգային անվտանգությանը»,- գրել է ՌԾՈւ-ի ներկայացուցիչը, տեղեկացրել է Live Science-ը։

Այս խոստովանությունն արվել է ի պատասխան The Black Vault կայքի տեղեկատվության ազատության մասին հարցման (FOIA), որը մինչ այդ բաց հասանելիությամբ տեղադրել էր ՉԹՕ-ների հետ կապված փաստաթղթերի հազարավոր էջեր, որոնք FOIA-ի հարցապնդմամբ ստացվել էին ԿՀՎ-ում եւ այլ կառավարական գործակալություններում։ The Black Vault-ը ԱՄՆ ՌԾՈւ-ին դիմել էր 2020թ. ապրիլին՝ այն բանից ընդամենը մեկ օր հետո, երբ ՌԾՈւ-ն գաղտնազերծել էր հանրահայտ դարձած երեք տեսահոլովակներ, որոնք նկարահանել էին ռազմածովային օդաչուները, որոնցում բարձրտեխնոլոգիական թռչող սարքերը շարժվում են թվում է, թե անհնար միջոցներով։ Black Vault-ը պահանջել էր, որպեսզի ՌԾՈւ-ն ներկայացնի մնացած տեսանյութերը՝ կապված ՉԹՕ-ների հետ։

Ավելի քան երկու տարի հետո կառավարությունը պատասխանել է նամակով, որում հաստատել է, որ գոյություն ունեն նաեւ այլ տեսանյութեր եւ մերժել է դրանք հանձնելու խնդրանքը՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով։

«Այս տեղեկության հրապարակումը վնաս կհասցնի ազգային անվտանգությանը, քանի որ կարող է հակառակորդներին արժեքավոր ինֆորմացիա տալ պաշտպանության նախարարության/ՌԾՈւ-ի գործողությունների, թույլ տեղերի եւ/կամ հնարավորությունների մասին»,- ի պատասխան՝ նամակում գրել է ՌԾՈւ-ի տեղեկատվության պաշտպանության բաժնի փոխտնօրեն Գրեգորի Քեյսոնը։

Քեյսոնն ավելացրել է, որ ՌԾՈւ-ն կարողացել է գաղտնազերծել միայն երեք տեսագրություն, որոնք կատարվել են 2020թ. ապրիլին, միայն այն պատճառով, որ դրանք մինչ այդ հայտնվել էին լրատվամիջոցներում եւ արդեն «լայնորեն քննարկվել էին հասարակությունում»։

Ամերիկացի զինվորականները շատ լուրջ են վերաբերվում ՉԹՕ-ի պոտենցիալ սպառնալիքին։ 2022թ. մայիսին պաշտպանության նախարարությունն իրականացրել է առաջին հրապարակային լսումները ՉԹՕ-ների վերաբերյալ 1960-ականներից ի վեր։ Լսումների ժամանակ հիմնականում քննարկվում էր Պենտագոնի 2021թ. հունիսի հաշվետվությունը, որում տեղեկացվել էր, որ ԱՄՆ ՌԾՈւ-ի օդաչուները տեղեկացրել են ՉԹՕ-ների դիտարկման 144 դեպքի մասին 2004-ից ի վեր։ Բոլորովին վերջերս պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ կստանա դաշնային ֆինանսավորում նոր գրասենյակի բացման համար, որը կզբաղվի բացառապես ՉԹՕ-ների դիտարկումների մասին տեղեկությունների մշակմամբ ԱՄՆ բանակում, ՌԾՈւ-ում եւ ՌՕՈւ-ում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular