ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը դեռ պահպանվում է. Զասի գլխավորությամբ ՀԱՊԿ առաքելությունը դեռ չի ժամանել Հայաստան. Կրեմլ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելությունը՝ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, դեռ չի ժամանել Հայաստան, այն (առաքելությունը) դեռ պետք է ձևավորվի, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, նա նշել է, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը դեռ պահպանվում է։

«Այնուամենայնիվ, ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու որոշումը կայացվել է միայն երեկ ուշ երեկոյան։ Այն (առաքելությունը) դեռ պետք է ձևավորվի, իսկ հետո պետք է տեղ հասնել»,- ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ առաքելությունը, հիմնվելով սահման այցի արդյունքներին, ՀԱՊԿ պետությունների ղեկավարներին կներկայացնի զեկույց, որը կքննարկվի։

Սեպտեմբերի 13-ին Երևանի խնդրանքով հրավիրվել է ՀԱՊԿ արտակարգ առցանց գագաթնաժողով՝ պայմանավորված սեպտեմբերի 13-ին հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքում Բաքվի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայով։ Արդյունքում որոշվել է ՀԱՊԿ առաքելություն ուղարկել հակամարտության գոտի՝ իրավիճակը գնահատելու համար։

Հիշեցնենք, որ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ԱԹՍ-ներ:

ՀՀ ՊՆ-ի հաղորդագրության համաձայն՝ առավոտյան 8-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին էական փոփոխություններ չի կրել։ Հակառակորդը շարունակում է Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով կիրառել հրետանային միջոցներ, ականանետեր, ԱԹՍ-ներ և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ՝ թիրախավորելով թե՛ ռազմական և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սահմանի որոշ հատվածներում դիրքային մարտերը շարունակվում են, հակառակորդը չի դադարեցնում առաջխաղացման փորձերը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը ներկայացնելու ժամանակ հայտնել է, որ, նախնական տեղեկություններով, ունենք 49 զոհ, սակայն այս թիվը վերջնական չէ. վերջնականը կհայտարարվի ՊՆ-ի կողմից հստակեցումից հետո։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հայտարարել է իր 50 զինծառայողի մահվան մասին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular