Մեծ կոմբինատորն ու ՍԱՍ–ի Արտակի առակը. «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է.
Ասում են հետաքրքիր բան է տեղի ունեցել մեր խորհրդարանում, և բոլոր լրատվամիջոցներն այն ներկայացնում են որպես սենսացիա: Ու անգամ միստիկ երանգներ են տեսնում նրանում: ՍԱՍ–ի Արտակը առաջին անգամ ցանկացել է խոսել ու… պատկերացնո՞ւմ եք` բարձրախոսը չի աշխատել: Լա՛վ, հենց նրա՞ բարձրախոսը: Լա՛վ, հենց ա՞յդ պահին: Երբ ութ տարվա մեջ առաջին անգամ ուզում էր բերանը բացել: Բայց այդպես է եղել. ի՞նչ կարող ես անել:
Սակայն մի բան կա այստեղ: Ոչինչ հենց այնպես տեղի չի ունենում: Ոչ մի բան պատահական չէ:
Հետո մի բան էլ գիտենք. գիտենք, որ երկրի վրա եղածը երկնքում եղածի մանրակերտն է: Այնպես որ, գնանք խորհրդարանում եղածի հետքերով ու տեսնենք, թե ի՞նչ կա մեր երկրում. ինչն ինչոց է իրականում:
Մտովի հետ գնանք մի քանի ամիս ու հիշենք, թե ինչ էր տեղի ունենում խորհրդարանում, երբ քննարկվում էր Ընտրական նոր օրենսգիրքը: Ոտքի էր ելել ընդդիմադիր ողջ դաշտը, նաև հասարակական սեկտորն էր ոտքի ելել ու ամեն գնով ցանկանում էին օրենսգրքում ներառել այնպիսի դրույթներ, որոնք կբացառեին կամ հնարավորինս նվազագույնի կհասցնեին ընտրակեղծիքների հնարավորությունը:
Այդպես էլ եղավ. ծնվեց «4+4+4» ֆորմատը: Առաջին անգամ մեկ կետում հատվեցին իշխանության, քաղաքական ընդդիմության և քաղաքացիական հասարակության տեսակետները: Այսպես ասած` եկան կոնսենսուսի ու սրերը վայր դրեցին:
Ամենքը գոհ էին ու ամենքը երջանիկ էին:
Այսօր արդեն նախընտրական շրջան է, բոլոր ուժերը ընտրությունների են պատրաստվում: Նաև առաջին անգամ կայանալու է մեր երկրի խորհրդարանական կառավարումը:
Քաղաքական ուժերն արդեն հաշվարկել–պարզել են իրենց արսենալը: Արսենալի պարունակությունը դրված է ի ցույց հասարակությանը:
Եվ ի՞նչ է պարզվում: Պարզվում է մի բան` մեր երկրում պարզապես չի մնացել ընդդիմություն: Ավելի ճիշտ` ընդդիմադիր ուժերը սմքել են, խեղճացել են, կորցրել են իրենց երբեմնի փառքն ու հզորությունը: Նրանք այլևս էական մրցակից չեն իշխանական ուժին:
Հապա մի հետ գնանք ու նայենք, թե ովքե՞ր էին նրանք երեկ` մի քանի տարի առաջ: «Հայ ազգային կոնգրեսը», որն իրականում հենց նախաձեռնողն էր Ընտրական օրենսգքի բարեփոխման, տասնյակ հազարներ էր դուրս բերում հրապարակ: Նա կռիվ տվեց բոլոր ճակատներում` թե՛ հրապարակներում, թե՛ դատարաններում: Հաղթանակը հաճախ թեքվում էր հենց նրա կողմը: Եթե ամրագրված հաղթանակը չհաշվենք, ապա հոգեբանական ու բարոյական հաղթանակը` միանշանակ:
Հիմա ի՞նչ է մնացել այս ուժից: Մի քանի ինտելեկտուալ պատգամավորներ են, որոնք անհույս կռիվ են տալիս խորհրդարանում կամ այս ու այն թերթի էջերում: Այս ուժի խորհրդարանական խմբակցությունն էլ ցրիվ–ցրիվ եղավ: Դարձան բեկորներ ու թեքվեցին իրենց ուզած կողմը, կամ գնացին իրենց ուզած ուժի ուղղությամբ:
Դե, «Ժառանգությանն» էլ լավ ճակատագիր չսպասվեց: Այն այսօր փորձում է կասեցնել իր` պոկվող–հեռացող կտորների ընթացքը ու ձգտում է որքան հնարավոր է՝ հասարակության աչքին երևալ միաձույլ կառույցի տեսքով: Ուզում է ինչ–որ բան անել, ավելի որոշակի` ուզում է իր տեղը գտնել քաղաքական դաշտում:
Իսկ մենք հո գիտե՞նք, որ ժամանակին այս ուժի առաջնորդը դարձավ մեր ժողովրդի թիվ մեկ ընտրյալը: Թեկուզ` ընդամենը փաստացի, թեկուզ` օրենքով չամրագրված:
Հիմա կասեք ինչո՞ւ վերևում հիշեցի ՍԱՍ–ի Արտակին ու նրա փչացած խոսափողը: Բանն այն է, որ ամեն ինչ եղավ այնպես, ինչպես մեր քաղաքական դաշտում եղավ: Այս մարդը փորձեց խոսել, բայց արդեն միկրոֆոն չկար:
Մեր ընդդիմադիրներն էլ իրենց պյուռոսյան հաղթանակով կարողացան Ընտրական օրենսգրքում ներառել տալ իրենց սկզբունքային առաջարկությունները, բայց արդեն իրենք չկան: Համարյա` չկան:
Ու մի քիչ էլ եթե այս հարցը դիտարկենք տրիվյալ դաշտում, պետք է հիշենք հիվանդ ղազի ու բուժող բժշկի անեկդոտը` վարիանտ կա, բայց ղազ չկա:
…Բայց այս ի՜նչ հզոր կոմբինատոր էր: Մե՜ծ կոմբինատոր: Հանճարեղ կոմբինատոր: Սա շախմատ խաղալ չէ, սա հազարապատիկ այլ բան է: Հիանում ես պարզապես: Եթե չմոռանաս ինչ–որ բան, կարող ես գլուխդ էլ ակամա խոնարհել:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: