ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավաճանի պիտակը ձեր վրա է մնալու, լուծումը մեկն է՝ նոր իշխանություն, նոր վարչապետ․ Գեղամ Մանուկյանի ելույթից հետո իրավիճակն ԱԺ-ում լարվեց

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այստեղ չեմ՝ քննարկելու ՍԴ դատավորի թեկնածուի հարցը, ՍԴ-ի հեղինակությունը վաղուց նսեմացվել է։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Այստեղ եմ եկել մեր տասնյակ հազարավոր քաղաքացիների խոսքը, հորդորը, խնդրանքը փոխանցելու ձեզ։ Այն մարդկանց, որ հաշված ժամերի ընթացքում ինքնաբուխ վրդովված շտապել էին Բաղրամյան պողոտա՝ ԱԺ շենքի դիմաց, այդ մարդիկ ուղղորդված չէին, որևէ մեկը նրանց չէր ուղղորդել, այնտեղ կար մեկ բան՝ հայրենիքի ու Արցախի նկատմամբ անհանգստությունը։ Եթե կար ուղղորդում, ապա դա երեկ ԱԺ այս ամբիոնից հնչած վտանգավոր, անթույլատրելի հայտարարությունն էր, չասեք՝ ժողովուրդ չկար այստեղ, կար ու շատ հուժկու։ Ժողովրդի անհնագստությունից հետո ուղիղ եթերներով, գրավոր հայտարարություններով իշխանության ներկայացուցիչների կողմից եղան բազմաթիվ պարզաբանումներ, հերքումներ, որովհետև հասկանալի էր, որ մարդիկ վրդովված էին։ Այդ հերքումները չհերքեցին այդ վտանգավոր հայտարարությունները: Մարդիկ անօգնական՝ ելքեր են փնտրում, դա կարելի է տեսնել ամեն պահի, եթե դուրս գաք ծառայողական մեքենաներից, պետականության կործանման վտանգի առաջ ենք։ Երեկ նույն ժամին Ստեփանակերտում  նույնպես մարդիկ հավաքվել էին ինքնաբուխ, այդ մարդիկ իրենց դավաճանված էին զգում, թուրքի դեմ մենակ էին զգում, որովհետև լսել էին, որ ԱԺ ամբիոնից իրենց մասին այլևս խոսող չկա»,- ասաց Մանուկյանը։

Նա ասաց, որ դավաճանի պիտակը իշխանական խմբակցության պատգամավորների վրա է մնալու։ Այս հայտարարությունից հետ իրավիճակը դահլիճում լարվեց։

«Մի պահ դուրս եկեք արհեստական ինքնավստահությունից, ժողովուրդը պոռթկման եզրին է, վերջապես հասկացեք, որ վիճակը օրհասական է, երեկ տասնյակ հազարավոր քաղաքացիներ սպասում էին քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներին»,- նշեց Մանուկյանը՝ հայտարարելով, որ իրավիճակի լուծումը մեկն է՝ նոր իշխանություն, նոր կառավարություն, նոր վարչապետ։

Գեղամ Մանուկյանի ելույթից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը գնաց դեպի ամբիոն՝ Գեղամ Մանուկյանից պարզաբանում պահանջելու։ Մյուս պատգամավորները միջամտեցին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular