ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները չեն դադարել. սա առաջնահերթ խնդիր է. ՌԴ ԱԳՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները չեն դադարել, ռուսական կողմը ցուցաբերում է անհրաժեշտ օգնություն, ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով NEWS.ru-ի հարցին։

Միաժամանակ նա հավելել է, որ Մոսկվան ակնկալում է հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանում։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքները չեն դադարել. սա առաջնահերթ խնդիր է: Ռուսական կողմը ցուցաբերում է անհրաժեշտ օգնություն։ Մոսկվան ակնկալում է, որ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները կհարգվեն։ Առաջին նման պայմանավորվածությունը խափանվեց։ Երկրորդը ձեռք է բերվել նախօրեին»,- ասել է Զախարովան։

Միաժամանակ դիվանագետը հիշեցրել է ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի վերջին այցերը Բաքու և Երևան։ Նրա խոսքով՝ եռակողմ համաձայնագրի կետերի կատարումը մնում է հակամարտության կարգավորման հիմքը։

«Երևանի դիմումները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի միջոցով, ստացվել են, աշխատանքներն արդեն ընթանում են։ Բանակցություններ են ընթանում բոլոր մակարդակներով»,- եզրափակել է Զախարովան:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի լույս 13-ի գիշերը՝ 00:05-ի սահմաններում, հարձակման են անցել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի երկայնքով՝ ռազմական գործողություններ ձեռնարկելով Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ուղղություններով: ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հրետակոծման են ենթարկվել Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերը: Հարվածներ են հասցվում նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին: Նախնական տվյալներով՝ հայկական կողմն ունի 105 զոհ: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը երեկոյան ճեպազրույցի ընթացքում հայտնել է, որ ժամը 20։00-ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular