Փաշինյանական վարչախումբն ընդդեմ Ռուսաստանի. արդյո՞ք հաշվարկել են հետևանքները
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՓաշինյանական վարչախումբը փորձում է օգտագործել ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի նկատմամբ որոշակիորեն արդարացված դժգոհությունը և այն ուղղել ոչ թե գործընկերների հետ հարաբերությունները ճշգրտելու և կարգավորելու, այլ հակառուսական տրամադրություններ Հայաստանում սերմանելու ուղղությամբ։
Երեկ իշխանական ամբողջ թևը լցվել էր ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին քննադատելու գործողություններին, թեև առայժմ իշխանության կողմից հակառուսական ընդգծված տրամադրությունները այնքան էլ շոշափելի չեն, փորձում են համեմատաբար ավելի շատ թիրախն ուղղել ՀԱՊԿ-ին, սակայն փաստն այն է, որ հենց այդ միջոցով էլ հարվածում են նաև Ռուսաստանին։
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, թե իրենք ակնկալիքներ են ունեցել, որ ՀԱՊԿ-ն կօգնի Հայաստանին, սակայն այդ հույսերն արդեն փշրվել են։ Նմանատիպ մի արտահայտություն էլ արել էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ամենևին չբացառելով, որ Հայաստանը կարող է դուրս գալ «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից»։
Առայժմ զգուշավորությամբ, սակայն իշխանությունները նույնիսկ չեն բացառում Ռուսաստանի հետ հարաբերությունները բարդացնելու և անգամ ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից հանելու հնարավորությունը։
Իհարկե, թե՛ ՀԱՊԿ-ն, թե՛ Ռուսաստանը բավարար չափով, կամ ընդհանրապես չեն կատարել իրենց դաշնակցային պարտավորությունները Հայաստանի համար, սակայն այստեղ մեղքը ոչ այնքան առաջին հերթին նրանցն է, քանի որ սեփական շահեր ունեն, այլ Հայաստանինը, նույն Ղազախստանի դեպքում, ՀԱՊԿ-ի մեխանիզմները գործի դրվեցին ամբողջությամբ, նույնիսկ Նիկոլ Փաշինյանի նախագահության ժամանակ, իսկ Հայաստանի դեպքում, երբ ՀԱՊԿ-ն նախագահում է Նիկոլ Փաշինյանը, որևէ ռեալ գործողություն այդպես էլ չի իրականացվել, ուստի և խնդիրը ոչ այնքան ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի, որքան Հայաստանի մեջ է։
Միգուցե հենց սա էր գործող իշխանությունների նպատակը՝ ամեն գնով Հայաստանը հանել Ռուսաստանի ազդեցության գոտուց և դնել Արևմուտքի ազդեցության տակ։ Հուսով եմ՝ հանրությունը հասկանում է սրա հնարավոր ռազմական, քաղաքական և հատկապես տնտեսական հետևանքները։
Ռուսաստանը որքան էլ զբաղված է Ուկրաինայով, բնավ գրկաբաց չի ընդունի Հայաստանի այս որոշումը և խստագույն հետևանքներ կունենա։ Ուստի և հանրությունը ունի հնարավորություն Փաշինյանին և նրա թիմակիցներին զրկելու հերթական արկածախնդիր ճանապարհով երկիրը տանելու հնարավորությունից։
Հարություն Ավետիսյան