Նոր օրենք. Բանակ կգնան...
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆrazm.info-ն գրում է.
Մայիսի 6-ին ՀՀ ազգային ժողովի ՊԱԱՆԳ հանձնաժողովն իր օրակարգից հանել է զինծառայությունի տարկետման իրավունքը սահմանափակող օրենքի նախագիծը, քանի որ առաջիկայում սպասվում է կառավարության նմանաբնույթ, ավելի ընդգրկուն նախագծին:
Քննարկվելիք նախագծով առաջարկվում էր հանել ուսման նպատակով պարտադիր զինվորական ծառայությունից տրվող տարկետումը և 18 տարեկանը լրացած բոլոր տղաներին զորակոչել բանակ:
«Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախաձեռնության համահեղինակ, պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը նախագծի հեղինակների անունից առաջարկել է զերծ մնալ քննարկումից, քանի որ կառավարությունն այս հարցով նախապատրաստում է մեծ փաթեթ, որը ներկայացվելու է խորհրդարանի քննարկմանը: Այս մասին հայտնում է հայաստանյան «Արմենպրես» գործակալությունը:
«Որպեսզի հակասություններ չլինեն, մենք՝ նախաձեռնության հեղինակներս, որոշում ենք կայացրել հանձնաժողովում հարցը չքննարկել ու սպասել կառավարության փաթեթին», — նշել է Հակոբյանը, ում առաջարկի հիման վրա նախագիծը դուրս է եկել ԱԺ ՊԱԱՆԳ հանձնաժողովի օրակարգից:
Նախագծի հեղինակը նաև նշել է, որ ՀՀ ԿԳ նախարարը և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն իրեն վստահեցրել են, որ 10-օրյա ժամկետում կառավարության փաթեթը պատրաստ է լինելու և ներկայացվելու է Ազգային ժողով:
Կառավարության ընդգրկուն նախագծի վերաբերյալ ավելի վաղ՝ ապրիլի 27-ին ՀՀ Ազգային ժողով – ՀՀ կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ, հայտարարել է նաև կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Նիստի ընթացքում Ռուբիկ Հակոբյանը հիշեցրել է, որ «դեռ մեկ տարի առաջ» իրենք (Ռուբիկ Հակոբյան, Թևան Պողոսյան) առաջարկել են այս նախագիծը, սակայն նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացության մեջ նշված է եղել, որ օրենքի ընդունման համար անհրաժեշտ է «քաղաքական կոնսենսուս»:
Սրան ի պատասխան՝ նախարար Դավիթ Հարությունյանը նշել է, որ կառավարությունը պատրաստում է օրինագիծ, որում պատգամավորների «գաղափարը լրամշակվել է», ինչի արդյունքում որոշակի բացառություններ են արվել բնագիտական որոշ ուղղությունների ուսանողների համար, քանի որ այդ ուսանողների ներուժը նախատեսվում է կիրառել ռազմարդյունաբերական ոլորտի զարգացման համար: Հարությունյանը տեղեկացրել է, որ այդ լրամշակված նախագիծը կառավարությունը մտադիր է խորհրդարան ուղարկել մեկ ամսվա ընթացքում: