ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք կարող էինք քիչ զոհեր ունենալ, նաև կարող էինք ավելի շատ զոհեր ունենալ, բայց ունենալ հաղթանակ. Սեյրան Օհանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Փաստ է, որ Հայաստանը գտնվում է կապիտուլյացիոն վիճակում եւ հենց այնպես չի հայտնվել այս վիճակում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նխագահ Լեւոն տեր-Պետրոսյանի նախօրդ օրը տված հարցազրույցին:

«Վերջին տարիներին իշխանության եկան մարդիկ, որոնք ձախողեցին ամեն ինչ՝ եւ բանակցային գործընթացը: 30 տարիների քրտնաճան աշխատանքը բերել էր ինչ-որ մի բանակցային ներուժի ձեւավորման, որի վրա հենվելով կարող էինք շարունակել մեր պատմությունը, բայց այդպես չստացվեց: Այդ ձախողումն է, որ բերեց պատերազմի, ունեցանք զոհեր: Պետք է ասեմ, որ զոհերի զգալի մասը կարող էր չլինել, եթե պետությունը թիկունք կանգներ բանակին, ապահովեր անվտանգություն, նաեւ մարտական գործողությունների խորքում ինժեներական սարքավորումներ կահավորեր, պաշտպանական բնագծեր կահավորել: Երկրորդը,  մենք կարող էինք ավելի շատ զոհեր ունենալ, բայց ունենալ հաղթանակ: Մեր ցավն այն է, որ մենք այս քանակի զոհերի պայմաններում ունեցել ենք պարտություն:

Այս իշխանությունները պարտությունից, կապիտուլյացիայից հետո ամբողջությամբ տապալել են արտաքին քաղաքականությունը, պաշտպանական քաղաքականությունը, բանակաշինությունը եւ ընդհանրապես պետական կառվարումը: Իհարկե, հետպատերազմյան տարիներին անհաջողությունների գործընթացները շարունակական են դարձրել: Այս պայմաններում նոյեմբերի 9-ի եւ մնացած փաստաթղթերը փաստացի կնիքն են նրա, ինչ այսօրվա իշխանությունները կատարել են»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ այսօրվա իշխանություններն են, որ գտնվում են ճնշման, պարտադրման ներքո. «Առաջին ամենակարեւոր  պայմանը այս վիճակից դուրս գալու համար պետք է փոխել իշխանությունը, գա իշխանություն, որը կարող է արտաքին քաղաքականություն վարել, եւ մեր ներքին ազգային երաշխիքները ձեւավորել՝ բանակաշինություն, ներքին ամրապնդում եւ այլն: Արտաքին քաղաքականության մեջ փաստ է, որ պարտված իշխանությունը ճնշման ներքո է գտնվում, մեր բանակցողը մշտապես ճնշման ներքո է եւ այս պարագայում ամենակարեւոր խնդիրը  բանակցողին փոխելն է»,-ընդգծեց Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով Լեւոն Տեր-Պետրոսյանի պնդմանը, որ բանակցողին փոխելը էական ոչինչ չի տալու, քանի որ վիճակը ծանրագույն է, Օհանյանն արձագանքեց. «Այն, որ իրավիճակը ծանրագույն է, հասկանալի է: Դե եկեք հանդուրժեք, նայենք, թե այս իշխանությունները ոնց են ամեն ինչ տանում մեր անկախության վերջնական փլուզման»:

Նա չհամաձայնեց, որ բանակցողին փոխելով ոչինչ չի փոխվի. «Այդպես չէ, կգան մարդիկ, իսկ ես գիտեմ, որ հայ ժողովուրդն ունակ է իշխանության բերել մարդկանց, որոնք ունեն ամուր բռունցք, կամք բանակցել;ու եւ կարող են այս անելանելի վիճակից դուրս գալ»:

Սեյրան Օհանյանը չցանկացավ նշել, թե ում է տեսնում այդ դերում. «Ես անձերի վրա կանգ չեմ առնի, ես գտնում եմ, որ համաժողովրդական պայքարով կարելի է գտնել մարդկանց, որոնք կարող են բերել անձնավորությունների, որոնք ունեն հմտություն, ունեն կառավարման ունակություններ, կառավարման փորձ, կամային հատկանիշներ այս վիճակից դուրս գլու համար»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular