ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոբերտ Քոչարյանը երկարացնում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական կյանքը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր հանդես եկավ ծավալուն մամուլի ասուլիսը, որը, սակայն, շատ ավելի հարցեր առաջ քաշեց, քան պատասխաններ տվեց դրանք սպասող հանրությանը:

Գաղտնիք չէ, որ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին առաջ երկրորդ նախագահը կրկին հանդես գալով մամուլի ասուլիսներով և իր հրապարակային հարցազրույցներում վստահեցնում էր հանրությանը, որ եթե ունենան բավարար չափի աջակցություն, ապա Փաշինյանին հեռացնելը իրենից խնդիր չի ներկայացնի: Բավական կոշտ քննադատությունների շնորհիվ Քոչարյանին հաջողվեց ստանալ ընդդիմադիր հատվածի ձայների մեծամասնությունը և կազմել ԱԺ-ում թվով ամենամեծ ընդդիմադիր ֆրակցիան: Դրանից հետո այդ ընդդիմադիր ֆրակցիան նախընտրեց փողոցային պայքարը՝ ԱԺ-ում ՔՊ-ի դեմ պայքարը համարելով ոչ արդյունավետ:

Այսօրվա ասուլիսում, սակայն, Քոչարյանը հայտարարում է, որ եթե չլինի ժողովրդի բավարար չափի աջակցություն՝ Փաշինյանին փողոցով հեռացնելը հնարավոր չէ: Մինչդեռ մենք գիտենք, որ բավարար աջակցություն եղել է, մարդիկ տասնյակ հազարներով դուրս են եկել փողոցներ, սակայն առավելագույնը, ինչ նրանց հրամցվել է, աննպատակ զբոսանքն էր Երևանի փողոցներում` առանց որևէ տեսլականի և կոնկրետ գործողությունների պլանի:

Ում շահերից է բխում այն թեզը, որ փողոցային պայքարը այլևս արդյունավետ չէ՝ իհարկե Նիկոլ Փաշինյանի, քանի որ նրա համար վերանում է փողոցից եկող ռիսկն ու վտանգը: Մարգինալ ընդդիմադիր խմբերը չեն կարող Փաշինյանի համար ներկայացնել այն նույն վտանգը, ինչ մարդկանց առաջնորդող տիտուլային ընդդիմությունը: Այսպիսով, այս հայտարարությունը ամբողջությամբ բխում է վարչապետ Փաշինյանի շահերից: Ինքը` Քոչարյանը, իր վրայից, կարծես թե, հանում է պատասխանատվությունը` հայտարարելով, որ ճգնաժամի լուծումը պետք է հարցնել իշխանություններից: Ասել է թե՝ իր վրա հույս չդնեն:

Որպես իշխանափոխության տարբերակ` Քոչարյանը առաջարկում է ՔՊ-ին իրենց թիմից ընտրել մեկ այլ թեկնածուի և պարզապես փոխարինել Փաշինյանին: Այս տարբերակը նույնպես ամբողջությամբ ձեռնտու է Փաշինյանին: Նա իր սև գործը կատերելուց հետո կարող է հեռանալ, իսկ իր փոխարեն ՔՊ-ն վարչապետի պաշտոնում կընտրի մեկ այլ անձի, ով ընդունելի կլինի դիցուք՝ Կրեմլի համար, այսպիսով՝ իշխանությունը կպահպանվի ՔՊ-ի ձեռքում, այդ նույն ընդդիմության օգնությամբ: Որպես տարբերակ` այս տարբերակն ավելի քան ընդունելի է ստեղծված իրավիճակում գտնվող Փաշինյանի համար:

Քոչարյանը, թերևս, առաջին անգամ փոքր-ինչ շեղվելով պրո-ռուսական վեկտորից հայտարարեց, որ Միութենական պետության մեջ մտնելը հարցի լուծում չէ: Որոշ շրջանակներ գտնում են, որ Մոսկվայի պահանջը Փաշինյանին հենց դա է, և հենց դրան է Արևմուտքի օգնությունը աղերսելով փորձում հակազդել վարչապետը: Այդպես է, թե ոչ՝ դժվար է ասել, սակայն վարկածը կյանքի իրավունք ունի: Ստացվում է՝ նաև այս հարցում Քոչարյանը առաջ է քաշում մի թեզ, որն ամբողջությամբ համապատասխանում է Փաշինյանի տեսլականին:

Արդյո՞ք այսպիսի ընդդիմությունն ի վիճակի է և ինչն էլ ավելի կարևոր է՝ ցանկանում է հեռացնել Փաշինյանին և ինչպես իրենք են պնդում՝ փրկել հայրենիքը, թե պարզապես գործ ունենք պասերով հմուտ խաղի հետ, որի ընթացքում հենց նույն Քոչարյանն իր հայտարարություններով և գործողություններով, ավելի ճիշտ՝ դրանց բացակայությամբ, երկարացնում է Փաշինյանի քաղաքական կյանքը...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular