ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լոռեցի կինը սիրային կապի մեջ է գտնվել ամուսնու մանկության ընկերոջ հետ, որն էլ ավարտվել է...

ԻՐԱՎՈՒՆՔ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ավարտվել է Գառնիկ Մ.-ի գործի դատական քննությունը:

Ըստ դատական ակտի՝ 51-ամյա Գառնիկի համագյուղացի, մանկության ընկեր ու հարևան Ազատը (անունը փոխված է) Գառնիկի ընտանիքի հետ գտնվել է բարիդրացիական հարաբերությունների մեջ ու հաճախ է այցելել Գառնիկի հյուրընկալ տուն:

2014 թվականի դեկտեմբերին Գառնիկը նկատել է, որ կինը՝ Անյուտան (անունը փոխված է), իրենից ծածուկ բջջային հեռախոսով խոսում է հարևան Ազատի հետ:

Գառնիկի մեջ բուն է դրել կասկածը:

Նա հանել է կնոջ հեռախոսի վերծանումները ու պարզել է, որ սկսած նոյեմբեր ամսից կնոջ ու Ազատի միջև եղել են բազմաթիվ հեռախոսազանգեր:

Գառնիկի հարաբերությունները կնոջ հետ լարվել են: Գառնիկը փորձել է կնոջ ու ընկերոջ հետ պարզաբանում կատարել: Կինն ու Ազատը Գառնիկին վստահեցրել են, թե շփվել են միայն հեռախոսազանգերով, դրանք անմեղ խոսակցություններ են եղել, իրենց միջև որևէ կապ չկա:

Սակայն Գառնիկ Մ.-ն շարունակել է կասկածել, անընդհատ կնոջը մեղադրել է դավաճանության համար:

Կնոջ նյարդերը ի վերջո տեղի են տվել, նա «այլևս չի հանդուրժել ամուսնու կշտամբանքները» և 2015 թվականի ապրիլի 27-ին «խոստովանել է», թե ամիսներ առաջ՝ 2014 թվականի նոյեմբերին, հարևան Ազատը բռնաբարել է իրեն:

Անյուտան այս «խոստովանության» հաջորդ օրը ոստիկանությունում հաղորդում է տվել հարևանի կողմից իրեն բռնաբարելու վերաբերյալ:

Քրեական գործ է հարուցվել, սակայն նախաքննությամբ բռնաբարությունը չի հաստատվել: Քրեական գործի վարույթը կարճվել է Ազատի արարքում հանցակազմի բացակայության հիմքով: Կապը եղել է փոխադարձ համաձայնությամբ…

 

2015 թվականի մայիսի 13-ին, ժամը 20-ն անց 30-ի սահմաններում Անյուտան ընտանեկան վեճի ժամանակ փորձելով արդարանալ՝ Գառնիկին «լացակումած հայտնել է, թե կատարվածում ինքը մեղք չունի, ինքն ընդամենը չի կարողացել դիմադրել Ազատին»:

Այդ ժամանակ Գառնիկին զանգահարել է որդին, լսել է մոր լացի ձայնը, հարցրել է՝ մայրն ինչո՞ւ է լաց լինում:

Գառնիկ Մ.-ն զայրույթից կորցրել է իրեն:

«Ինչ-որ կերպ հարևանից վրեժխնդիր լինելու համար» նա գիշերվա ժամը 1-ի սահմաններում իր ավտոտնակից վերցրել է օրինական կարգով իրեն պատկանող երկփողանի որսորդական հրացանը, միայնակ գնացել է Ազատի տան մոտ ու նրա գույքը վնասելու դիտավորությամբ փողոցից մեկական կրակոց է արձակել տան երկրորդ հարկում գտնվող ննջասենյակի պատուհանի ու բաց պատշգամբի ուղղությամբ՝ հանրավտանգ եղանակով վնասելով համագյուղացու գույքը՝ ննջասենյակի պատուհանափեղկը, վարագույրը, պատն ու պատշգամբի կախովի առաստաղը:

Ազատին պատճառվել է 91 հազար 402 դրամի գույքային վնաս: Կրակոցներն արձակելուց ու սիրտը մի քիչ հովացնելուց հետո Գառնիկը վերադարձել է տուն:

Բացի այս արարքից, Գառնիկին մեղսագրվել է ևս մեկ հանցավոր արարք՝ նա ապօրինի կերպով ձեռք է բերել ու տանը պահել է ռազմամթերք՝ վառոդի զանգված ու վառոդային լիցք:

Դատարանը հաշվի է առել, որ Գառնիկ Մ.-ն կամովին է ներկայացել ոստիկանություն, կամովին ներկայացրել է հրացանը և առաջադրված մեղադրանքներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ու 235 հոդվածի 1-ին մասով իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված կարգով:

Տուժող Ազատը քաղաքացիական հայց է ներկայացրել 105 հազար դրամի չափով, բայց դատարանն  արձանագրել է, որ նրան պատճառվել է միայն 91 հազար 402 դրամի գույքային վնաս: Քաղաքացիական հայցը բավարարվել է միայն այդքան մասով:

Գառնիկ Մ.-ն մեղավոր է ճանաչվել մեղսագրված արարքների համար ու վերջին հաշվով դատապարտվել է 8 ամիս 29 օր ազատազրկման:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular