Դատական իշխանության զավթումը շարունակվում է
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Դատական իշխանության զավթում» օպերացիան ամենայն հավանականությամբ կհաջողվի գործող վարչախմբի մոտ։
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը երեկ շտապ կարգով հետ է կանչվել արձակուրդից և ազատվել նախարարի պաշտոնից։ Փոխնախարար Երանուհի Թումանյանցն էլ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից։
Անդրեասյանին և Թումանյանցին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել է որպես ԲԴԽ անդամներ և առնվազն այսօր կամ վաղը, նրանց կընտրեն Բարձրագույն դատական խորհրդի կազմում, որից հետո ԲԴԽ-ում փաշինյանական կադրերի գերազանցության շնորհիվ հնարավոր կլինի ԲԴԽ նախագահ ընտրել հենց Կարեն Անդրեասյանին, ինչն էլ դատական իշխանության քառամյա անկախությունը փակելու առաջին և գլխավոր քայլերից մեկը կլինի։
Այն, ինչ չհաջողվեց տխրահռչակ Գագիկ Ջհանգիրյանին, կհաջողվի ոչ պակաս տխրահռչակ Կարեն Անդրեասյանին։ Դատավորների շրջանում այս օրերին իսկական խուճապային տրամադրություններ են տիրում։ Հատկապես Ալեքսանդր Ազարյանի հրաժարականից հետո դատավորները հասկանում են, որ իրենց համար չափազանց բարդ է լինելու պահպանել անկախությունը և կամ պետք է հրաժարվեն դատավորի պատմուճանից, դառնան փաստաբան՝ այդ կերպ պայքարելով փաշինյանական վարչախմբի դեմ, կամ էլ մնալով դատավոր, չեն կարողանալու անկախ վճիռներ կայացնել՝ հայտնվելով իշխանությունների թիրախում։
2018 թվականի իշխանափոխությունից հետո՝ գործադիր և օրենսդիր իշխանությունները զավթելուց հետո, Փաշինյանի հիմնական գլխավոր թիրախը եղել է հենց դատական իշխանությունը։ Անկախ դատավորները լրջորեն վատթարացրել են իշխանավորների կյանքը, շատ դեպքերում նրանց քմահաճույքները չկատարելով, և իրապես անկախ վճիռներ կայացնելով, իսկ այժմ արդեն դատական իշխանության անկախության վերջը մոտենում է, փաշինյանական վարչախմբին կհաջողվի այստեղ ևս միահեծան իշխանություն հաստատել։
Սարգիս Կարապետյան