ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը թուրք-ադրբեջանական նարատիվների աղբյուր է դարձել

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնելու է Պրահա, որտեղ նախ քառակողմ հանդիպում է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, իսկ այսօր երեկոյան նախատեսված է Հայաստանի վարչապետի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին հանդիպումը։

Նախքան այս հանդիպումները երեկ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է Հայաստանում ստեղծված իրավիճակին և, իր սովորույթի համաձայն, առաջ մղել թուրք-ադրբեջանական բոլոր նարատիվները։ Ընդսմին Փաշինյանը կրկին մեղադրանքի բոլոր սլաքներն ուղղել է նախկին իշխանությունների կողմը, հայտարարել, թե Ռոբերտ Քոչարյանն ու Վարդան Օսկանյանն են ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում, իսկ Սերժ Սարգսյանը կապիտուլյացիայի փաստաթուղթ է թողել իրեն և հեռացել։

Գաղտնիք չէ, որ Փաշինյանը տևական ժամանակ հայկական հանրույթ է ներմուծում բոլոր տեսակի թուրք-ադրբեջանական նարատիվները և իզուր չէ, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակից հայտնում են, որ եթե հեռուստացույցով չտեսնեին Նիկոլ Փաշինյանի դեմքը, տպավորություն էր, թե ելույթ է ունենում Իլհամ Ալիևը։

Գիտակցելով, թե իրեն ինչ ճակատագիր է սպասվում՝ Փաշինյանը փորձում է իր հետ միասին և իրենից առավել պարտության պատասխանատուներ նշանակել նախկին իշխանություններին, հընթացս էլ շարունակել թուրքերի և ադրբեջանցիների հետ համագործակցությունը, առնվազն նրանց միջոցով իշխանությունը պահպանելու հարցում։ Սրան էր միտված նաև Հայաստանում Ռուսաստանի ազդեցությունը չեզոքացնելու, սեփական թիմակիցներին և հանրությանը Ռուսաստանի դեմ մղելու, ինչպես նաև «հավաստի աղբյուր» կեղծանունով սեփական թերթում հակառուսական տրամադրություններ գեներացնելու քայլերը։

Ըստ երևույթին, Նիկոլ Փաշինյանին հասկացրել են, որ նա իշխանությունը կկարողանա պահպանել, կամ էլ առնվազն իր և իր ընտանիքի համար անվտանգության երաշխիքներ ստանալ միայն մի դեպքում, եթե ընդունի «Խաղաղության արևմտյան մոդելը»։ Ինչը, նշենք, ենթադրում է համապարփակ լուծում, այդ թվում՝ Արցախը Ադրբեջանի կազմ հանձնելու, սահմանազատում և սահմանագծում բացառապես ադրբեջանամետ դիրքերից իրականացնելու և Ադրբեջանին միջանցք տրամադրելու մեջ։

Ռուսաստանը, իհարկե, չի ցանկանում հարցի նման լուծում և, ընդհակառակը, փորձում է առկախել Ղարաբաղի հարցի լուծումը՝ այդ կերպ պահպանելով իր ազդեցությունը թե՛ Հայաստանի և թե՛ Ադրբեջանի վրա։

Մինչդեռ Փաշինյանին հարկավոր է անձնական երաշխիքներ, և այդ ճանապարհին նա պատրաստ է համագործակցել անգամ սատանայի հետ, միայն թե որևէ մեկը նրա ձեռքից չկարողանա խլել իշխանությունը, կուտակած ունեցվածքը, կամ ազատությունը։

Ալեն Ավետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular