ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խեղճացած հանդիպում Էրդողանի հետ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Պրահայում երեկ կայացել է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը։ Պաշտոնական Երևանը հայտարարել է, թե Հայաստան-Թուրքիա համատեքստում երկուստեք կարևորում են ուղիղ շփումներն ու բարձր մակարդակի հանդիպումները։ Քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացն ու հետագա քայլերը, ինչպես նաև երկու երկրների հատուկ ներկայացուցիչների քննարկումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուտափույթ իրականացման անհրաժեշտությունը։

Պաշտոնական այս հաղորդագրությունը ամբողջությամբ չի արտացոլում այն իրականությունը, որ տեղի է ունեցել հանդիպմանը։ Թուրքիայի նախագահ Էրդողանը հանդիպումից հետո ասուլիս է տվել Պրահայում և հայտարարել, թե անկեղծորեն հավատում է, որ բարիդրացիական հարաբերությունների հիման վրա կարող են հասնել տարածաշրջանում ամբողջական կարգավորման նպատակին։

«Փաշինյանի հետ հանդիպումն անցավ անկեղծ մթնոլորտում, այս հանդիպման ընթացքում որոշ պահանջներ առաջ քաշվեցին, այդ պահանջների հարցով մենք ուղարկեցինք մեր հատուկ ներկայացուցչությունը և արտգործնախարարներին։ Նրանց հանդիպումից հետո արդյունքին համապատասխան քայլեր կձեռնարկենք»,- ասել է Էրդողանը։

Թե ինչ պահանջներ են, այդպես էլ չի մանրամասնել, սակայն վստահեցրել է՝ իբր Թուրքիան նախապայմաններ չի դնում հարաբերությունների լիարժեք կարգավորման համար։ Հաջորդ վայրկյանին իսկ Թուրքիայի նախագահը հակասել է իրեն, նա նշել է, թե Անկարան Երևանից ու Բաքվից ակնկալում է իրենց խնդիրների լուծում և խաղաղության համաձայնագրի ձեռքբերում։

Էրդողանը ասել է, թե հանդիպման ընթացքում Փաշինյանից պահանջել է անհապաղ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ, հենց այս արտահայտության մեջ է թաքնված ողջ իրականությունը։ Թուրքական իշխանությունները բազմիցս են հայտարարել, թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը շաղկապում են Ադրբեջանի պահանջների և Բաքվի հետ Երևանի հարաբերությունների կարգավորման հետ։

Ըստ էության, «Խաղաղության պայմանագրի» անհապաղ կնքման պահանջը վկայում է, որ Փաշինյանին բավականին լուրջ և ծանր խոսակցություն է բաժին հասել այն 1 ժամ 15 րոպեների ընթացքում, որ նա անցկացրել է Էրդողանի հետ դեմառդեմ՝ առանց լրատվամիջոցների։ Թերևս հենց սրանով կարելի է բացատրել այն խեղճացած և տխուր հայացքը, որ հանդիպումից առաջ և հետո ուներ Նիկոլ Փաշինյանը։ Պարտվածի դիրքերից, առանց այն էլ բավականին հզոր ախոյանի հետ, հանդիպումը Հայաստանին որևէ լավ բան չի խոստանում, իսկ Նիկոլ Փաշինյանը շարունակում է թուրք-ադրբեջանական նարատիվներն առաջ քաշել, առավել ևս, որ նա երեկ քառակողմ ֆորմատով հանդիպել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Ինքը՝ Ալիևը, հանդիպումից առաջ հայտարարել է, թե Ղարաբաղի հայերն իրենց քաղաքացիներն են և իրենք կորոշեն, թե երբ և ինչպես խոսել նրանց հետ և երրորդ երկրների կարիքը չունեն, իսկ արդեն հանդիպումից հետո հայտարարել է, թե աստիճանաբար մոտենում են խաղաղությանը։

Վարդան Դանիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular