ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի հարցում Ռուսաստանի և Եվրամիության հակասությունները սրվում են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի հարցում Ռուսաստանի և Եվրամիության հակասությունները սրվում են։ Եվրամիության դեսպանները երեկ համաձայնել են Հայաստան ուղարկել քաղաքացիական առաքելություն, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, վստահություն ամրապնդելու և դելիմիտացիային նպաստելու համար։

Որոշումը կայացվել է քաղաքական և անվտանգության հանձնաժողովի փակ նիստում, որից հետո քննարկել են դրա իրականացման մանրամասները՝ քանի դիտորդներ են լինելու, որ երկրից և երբ են ժամանելու Հայաստան, հստակ ամսաթիվ և պատվիրակության կազմ դեռևս չկա, սակայն վստահաբար կարելի է նշել, որ շատ արագ եվրամիության պաշտոնյաները կհամաձայնեցնեն նաև այդ հարցերը։

Այս որոշման հայտնի դառնալուց հաշված րոպեներ անց, Ռուսաստանը բավական նյարդային է արձագանքել Եվրամիության քայլին։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել է, թե Եվրամիության այդ քայլը դիտարկում են որպես հերթական փորձ ՝ ամեն կերպ մխրճվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մեջ՝ հետ մղելու Ռուսաստանի միջնորդական ջանքերը։

«Մենք ելնում ենք նրանից, որ Երևանի և Բաքվի հաշտեցման տարածաշրջանում կայուն խաղաղության և երկարատև կայունության հաստատման միակ բանալին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների լիարժեք իրագործումն է»,- հայտարարել է Զախարովան։

Ըստ էության Ռուսաստանը նրա բերանով հայտնում է, որ միայն իրենց են տեսնում ղարաբաղյան հարցի և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման երաշխավոր և վերահսկող, իսկ Եվրամիության համառ ջանքերը գնահատում են որպես իրենց դեմ ուղղված ոտնձգություն։

Նշենք, որ Եվրամիության դիտորդական առաքելություն տեղակայելու պայմանը բարձրացրել էր Նիկոլ Փաշինյանը քառակողմ հայտարարության ժամանակ։ Ադրբեջանը այն թույլատրել էր գրանցել համատեղ հայտարարության մեջ՝ պայմանով, որ այդ առաքելությունը բնավ չի վնասելու Ադրբեջանի շահերի և տարածքային ամբողջականությանը։ Փաստացի Ռուսաստանը դեղին քարտ է ցույց տալիս Հայաստանի իշխանություններին՝ զգուշացնելով, որ դա կարող է լուրջ հետևանքներ ունենալ, իսկ հետևանքներ կլինեն միայն Հայաստանի Հանրապետության և նրա ապիկար կառավարիչների համար։

Մանե Կարապետյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular