ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ալիևն ու Փաշինյանը Մակրոնի ինչի՞ն են պետք»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Iarex.ru–ն գրում է, որ այն ինչ է տեղի ունեցել Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) առաջին ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Էմանուել Մակրոնի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի, ինչպես նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի շփումների ձևաչափով  կարելի է համարել այնպիսի քաղաքական ներկայացում, որում գրեթե յուրաքանչյուր գործողություն կարող է ընկալվել որպես առանձին իրադարձություն։ Փաստն այն է, որ Մակրոնին հաջողվել է բոլորին հրավիրել հատուկ ստեղծված նոր կառույց, որը, ըստ եվրոպական դիվանագիտության ղեկավար Խոսե Բորելի, «պետք է օգնի մայրցամաքում նոր կարգի ձևավորմանը, բայց առանց Ռուսաստանի», և դա չնայած նրան, որ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները կայուն ռազմավարական և նույնիսկ դաշնակցային հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ։

Մակրոնի համար սա կարևոր է, քանի որ նա քայլեր է ձեռնարկում խորհրդանշական մակարդակով՝ առանց գագաթնաժողովի 44 մասնակիցներին որևէ կոնկրետ լուծման տանելու մտադրության։ Սա առաջին հերթին։ Երկրորդ հերթին նա հակառուսական լայն քաղաքական համատեքստում ներգրավել է կոնկրետ տեղական խնդիրներ, որոնք այլ տարբերակներով, եթե անգամ լուծումներ ունենան, ապա միանշամնակորեն կլինեն ոչ շուտ։ Թվում է, թե սա է Պրահայի ներկայացման գլխավոր սյուժեն։ Եթե ​​կառուցենք իրադարձությունների ընդհանուր շարք, ապա կլինի հետևյալը: Պրահայում կայացել է Փաշինյանի և Էրդողանի առաջին անձնական հանդիպումը: Բացի այդ, քառակողմ բանակցություններ են տեղի ունեցել Փաշինյանի, Ալիևի, Մակրոնի և Միշելի մասնակցությամբ։ Բայց դա «նախաբանն» է՝ նոր սյուժեների սկիզբը։ Թուրքիայի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են շարունակել շփումները և հանձնարարել են իրենց հատուկ ներկայացուցիչներին և արտաքին կապերի գերատեսչությունների ղեկավարներին լուծել հարաբերությունների կարգավորման կոնկրետ խնդիրները։ Ալիևը Միշելի հետ բանակցություններից հետո ասել է, որ իր, Եվրոպական խորհրդի նախագահի և Փաշինյանի հաջորդ հանդիպումը կկայանա նոյեմբերին Բրյուսելում, Բաքուն «աջակցում է բանակցությունների նման ձևաչափին»։ Սա պիեսի զարգացումն է։ Նրա գագաթնակետը, շրջադարձային կետը այլ տեղ է: Ալիևը Պրահայում ասել է, որ շուտով երկու երկրների արտգործնախարարները կհանդիպեն երկրորդ անգամ, որպեսզի դրանից հետո երկու երկրների աշխատանքային խմբերը սկսեն պատրաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը։ Ըստ ամենայնի, դա տեղի կունենա Միշելի հովանավորությամբ, որին, ըստ Ալիևի, «հատուկ դեր է վերապահված բանակցային գործընթացում»։ Ըստ որոշ տեղեկությունների, ադրբեջանական կողմն արդեն պատրաստել է նման փաստաթղթի «սևագիրը», սակայն, ինչպես Ալիևն է ասում, «աշխատանքը դժվարությամբ է առաջ ընթանում»։ Այդ առնչությամբ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել է, որ «Ադրբեջանի հինգ սկզբունքներն ամբողջությամբ չեն արտացոլում օրակարգը», և որ «քննարկումներ են ընթանում Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ»։ Այդ հարցով Ադրբեջանն առայժմ լռում է։ Սա իրականության առաջին ծրագրված տեղաշարժն է դեպի ենթադրյալ ինտրիգ նոր իրադարձությունների նշանակման միջոցով։

Այս ամենի էությունն այն է, որ Պրահայի գագաթնաժողովի նախօրեին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան խոսելով Բրյուսելի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հեռանկարների մասին, ասել է, որ «Ռուսաստանը հակադրվում է աշխարհաքաղաքական ինտրիգներին, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի վտանգավոր խաթարման»։ Նրա խոսքով, «խաղաղության համաձայնագրի նկատմամբ արևմտյան մոտեցումները լիովին հավասարակշռված չեն, և որոշ արևմտյան միջնորդներ ընդհանրապես չեն կարող կոչվել խաղաղության միջնորդներ», բայց, հաշվի առնելով համաձայնագրի թեմայի բարձր զգայունությունը Սմոլենսկայա հրապարակը «նպատակահարմար չի համարում հրապարակայնորեն մեկնաբանել ընթացիկ բանակցությունների մանրամասները»: Այսինքն ստացվում է, որ Բաքուն և Երևանը բրյուսելյան հարթակի հետ համատեղ խաղ են խաղում նաև Մոսկվայի կամրջի վրա։

Ադրբեջանի քաղաքականությունը հասկանալի է: Ղարաբաղյան երկրորդ պատերազմում հմտորեն օգտագործելով ռուսական և թուրքական ռեսուրսները Ալիևը ձգտում է նույն խաղը խաղալ եվրոպական ուղղությամբ հենվելով արդիականացած էներգետիկ հարցերի վրա։ Այստեղ անհասկանալի է, թե ի վերջո ի՞նչ է ստանում Հայաստանը փոխելով իր արտաքին քաղաքական ուղղվածությունը և ուժերի նախկին դասավորվածությունը տարածաշրջանում այն ​​իրավիճակում, երբ 2020 թվականի նոյեմբերի 9-ին խաղաղության պայմանագիրը ստորագրվել է ոչ Ֆրանսիայի, և ոչ էլ ԵՄ-ի միջնորդությամբ։ Բայց ներկայումս անհնար է կանխատեսումներ անել։ Առավել ևս, որ հասարակական մակարդակով հայկական կողմը դեռ չի կարողացել ընդլայնել այդ բացառապես ադրբեջանական նեղ օրակարգը, և այն եռանկյունուց (Բաքու-Երևան-Բրյուսել) վերափոխել բազմանկյունու (գումարած Մոսկվա և, գուցե, նույնիսկ Թեհրան):

Այսինքն Փաշինյանը, մարտավարական նկատառումներից ելնելով հույսը դնում է Մակրոնից աջակցություն ստանալու վրա։ Հայկական որոշ հրապարակումներ պնդում են, որ Հայաստանի խնդրանքով ակնկալվում է ֆրանսիական դիտորդական առաքելության ժամանում ադրբեջանա-հայկական սահման։ Բայց մի թե՞ դա խաղաղության ճանապարհն է, իսկ գուցե՞ դա ճանապարհ է դեպի հնարավոր առճակատում: Դիվանագիտական ​​գործունեությունը հաճախ ստանում է տարբեր ուղղություններ, այն կարող է լինել կառուցողական, կենտրոնացած արարման վրա, կամ կարող է լինել կործանարար՝ ուղղված համակարգի ապակայունացմանը և նույնիսկ այն ոչնչացնելուն։ Մի խոսքով, Ադրբեջանի և Հայաստանի խաղացած քաղաքական ներկայացումը շարունակվում է։ Առջևում դեռևս բավականին քաղաքական արարներ կլինեն:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular