ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը՝ «երկու քարի արանքում». ո՞վ կդառնա խաղաղության պայմանագրի «քավորը»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ ուշ երեկոյան Հանրային հեռուստաընկերության եթերում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ օրեր առաջ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ քննարկել են խաղաղության պայմանագրի գնալու ժամկետը, որը որոշված է մինչեւ տարեվերջ, ինչպես նաեւ դելիմիտացիայի հարցը: Ըստ Գրիգորյանի` գլխավոր խնդիրը այժմ Հայաստանի՝ 29,800 քառակուսի մետր տարածքի ամրագրումն ու ապահովումն է:

Ի՞նչ է սա նշանակում. նախ և առաջ այն, որ ամիսներ շարունակ Արծվաշենի վերադարձի կամ փոխանակման մասին խոսող, իսկ այնուհետև ընդհանրապես անկլավների թեման փակած իշխանությունները մինչև տարվերջ պատրաստվում են հանձնել հայկական անկլավներն Ադրբեջանին: Անկլավների մասին վերջին շրջանում ՔՊ-ականների կողից բազմաբնույթ հայտարարություններ են եղել: Օրինակ՝ 2021 թվականի դեկտեմբերի 25-ին Նիկոլ Փաշինյանը լրագրողների հարցերին պատասխանելիս նշում էր. «Շատ է խոսվել անկլավների մասին, եւ մինչեւ այս պահը, ինչքան ուսումնասիրել ենք, անկլավների գոյության իրավական հիմք չենք գտել: Այդ հարցերը դեմարկացիայի եւ դելիմիտացիայի պրոցեսում պետք է քննարկենք»: Փաստորեն, հիմա ստացվում է՝ առանց իրավական հիմքերը ստուգելու Փաշինյանը խնդրում է ճանաչել գոնե 29.800 քառակուսի կիլոմետր տարածքը: 

Ակնհայտ է նաև, որ հայկական կողմը շտապում է մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում, իսկ այդ պայմանագիրը շոշափում է մի շարք միջազգային խաղացողների՝ մասնավորապես ՌԴ և Իրանի շահերը տարածաշրջանում: Գաղտնիք չէ, որ նման պայմանագիր ունենալու դեպքում Ադրբեջանը կպահանջի ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրսբերում Արցախից՝ դրանից բխող բոլոր անվտանգային խնդիրներով: Սա քաջ գիտակցում են նաև Մոսկվայում և հենց դրանով է պայմանավորված այն փաստը, որ Կրեմլը ակնհայտորեն փորձում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման միջնորդության հարցում վերադարձնել իր դոմինանտ դերը, որը, կարծես թե, անցել էր Արևմուտքին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային: Սրանով է պայմանավորված Աստանայում ԱԳՆ նախարարների հանդիպման հապճեպ կազմակերպումը, Լավրովի հայտարարությունը առ այն, որ ԵՄ դիտորդական հանձնախմբերի փոխարեն Հայաստանի սահմանին մոնիտորինգ կարող են իրականացնել  ՀԱՊԿ հանձնախմբերը և այն հանգամանքը, որ, կարծես թե, մոտակա ժամանակներս սպասվում է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը: 

Այս ընթացքում Մոսկվան մեկ անգամ չէ, որ հրապարակավ իր դժգոհությունն էր հայտնել Արևմուտքից՝ վերջինիս մեղադրելով հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին միջամտելու և ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու մտադրության և ցանկության մեջ: Այս մեղադրանքը ուղղակի, թե անուղղակի վերաբերվում է նաև Նիկոլ Փաշինյանին, ով բացահայտ կերպով թեքվել է դեպի Արևմուտք, սերտացնում է հարաբերությունները ԵՄ և անգամ ՆԱՏՕ-ի հետ՝ ի հակակշռիռ ՌԴ-ի: Միևնույն ժամանակ Երևանից ամենաբարձր մակարդակով չեն դադարում հնչել մեղադրանքները Մոսկվայի և ՀԱՊԿ-ի հասցեին: Իսկ օրեր առաջ Փաշինյանի ընտանեկան կայքը, հղում անելով հավաստի աղբյուրին, սկանդալային և բացահայտ հակառուսական հոդված հրապարակեց: Հոդվածի անկյունաքարային միտքը այն էր, որ Ռուսաստանը Հայաստանից համարյա ուզում է այն, ինչ ուզում է Ուկրաինայից, որ այն դառնա «Ռուսաստան-Բելառուս» միութենական պետության կամ Ռուսաստանի մաս։ Ու եթե Ուկրաինայի դեպքում նման արդյունքի համար ՌԴ-ն օգտագործում է ռուսական և գուցե բելառուսական զորքերը, Հայաստանի դեպքում օգտագործում է Ադրբեջանի և որոշ չափով էլ ՀՀ-ում տեղակայված ռուսական զորքերը։ Թերևս հենց այդ հոդվածից հետո Մոսկվան ակտիվացրեց իր ջանքերը՝ Փաշինյանին և Ալիևին իր ազդեցության ծիր վերադարձնելու հարցում:

Իր հերթին բավական սուր հռետորաբանությամբ մեսիջներ են հնչում նաև Արևմուտքից: ԱՄՆ պետդեպարտամենտը ակնարկում է, որ ռուսական կողմը փորձում է խոչընդոտել խաղաղության հաստատման ԱՄՆ փորձերը, իսկ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը արդեն բաց տեքստով է մեղադրում ռուսական կողմին՝ հայ-ադրբեջանական սահմանին բախումներ հրահրելու մեջ: 

Ինչպես տեսնում ենք՝ Նիկոլ Փաշինյանի հերթական ոչ հեռահար արտաքին քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ ՀՀ վարչապետը և փաստացի նաև Հայաստանն ու Արցախը հայտնվել են երկու քարի արանքում, բնականաբար տուժելու է դրանից միայն Հայաստանի և Արցախի անվտանգությունն ու կայունությունը...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular