ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն 300 հազար եվրո հրատապ օգնություն կտրամադրի Ադրբեջանի ագրեսիայից տուժած անձանց

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Եվրոպական միությունը հայտարարել է մոտ 118 միլիոն դրամի (300 000 եվրո) հրատապ օգնություն տրամադրելու մասին սեպտեմբերին տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած մարդկանց համար, որ ամենամահաբեր իրադարձություններն էին 2020 թվականի նոյեմբերի հրադադարից հետո։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Եվրամիության պատվիրակությունից:

Գալիք ձմռան ընթացքում այս ֆինանսավորումը կուղղվի ռազմական գործողությունների հետևանքով փախուստի դիմած 7600 անձանց շրջանում առավել խոցելի մարդկանց, ինչպես նաև այդ մարդկանց հյուրընկալող համայնքներին և այն խոցելի անձանց, որոնք մնացել են հակամարտության ազդակիր տարածքներում։

ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինն ասել է. «Անցյալ ամսին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով եղել են ավելի շատ տեղահանումներ, ավելի շատ կորուստներ և ավերածություններ։ Եվրոպական միությունը հատկացնում է լրացուցիչ հրատապ ֆինանսական աջակցություն՝ մարտերից ուղղակիորեն տուժած առավել խոցելի անձանց կարիքները հոգալու և ձմռան ցուրտ ամիսների հաղթահարման հարցում նրանց օգնելու նպատակով»։ 

Հայաստանում ԵՄ գործընկեր մարդասիրական կազմակերպությունները կտրամադրեն հիգիենայի պարագաներ, կացարանների վերանորոգման փաթեթներ և դրամական աջակցություն՝ օգնելու մարդկանց հոգալ իրենց հիմնական կարիքները, օրինակ՝ սնունդ, ջեռուցման ծախսեր կամ վարձավճար:

Արտակարգ աջակցության տրամադրումը սերտորեն կհամակարգվի Հայաստանի իշխանությունների և արտակարգ իրավիճակների դերակատարների հետ:

Ֆինանսական աջակցությունը հնարավոր է դարձել Emergency Toolbox (Հրատապ գործիքատուփ) գործիքակազմի շնորհիվ, որը նախատեսված է արտակարգ իրավիճակներին արագ արձագանքման և ԵՄ-ի սահմաններից դուրս գտնվող խոցելի մարդկանց առաջնահերթ ֆինանսական միջոցներ տրամադրելու նպատակով և համակարգվում է Եվրոպական հանձնաժողովի (Հրատապ արձագանքման համակարգման կենտրոնի) կողմից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular