ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այցերի տեղատարափ Հայաստան. Ի՞նչ են փորձում պարզել Իրանը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանը հայտնվել է տարածաշրջանի և գերտերությունների ուշադրության կենտրոնում։ Երեկ միանգամից մի ամբողջ շարք այցելություններ էին եղել Հայաստան և իրար նկատմամբ գրեթե թշնամաբար տրամադրված տարբեր երկրների կառույցների ներկայացուցիչներ փորձել են տեղումհասկանալ, թե ինչ դիրքորոշումներ ունի գործող իշխանությունը։

Ամենակարևոր այցը Իրանի արտգործնախարար Հոսեին Ամիր Աբդոլահիանի այցն էր։ Երևանում Աբդոլահիանը հայտարարել է, թե Իրանի համար անընդունելի են տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխությունները և Իրանը կձեռնարկի բոլոր քայլերը՝ դիմակայելու անգամ նման մտադրությանը։ Աբդոլահիանի հայտարարություններն առաջին հերթին ուղղված են ոչ թե Ադրբեջանին և Թուրքիային,այլ հենց Հայաստանի իշխանություններին։

Ըստ վերլուծաբանների՝ Իրանցիները փորձում են պարզել, թե մինչև ո՞ւր կարող է տանել Հայաստանի գործող իշխանությունների ապիկար և դավաճանական քաղաքականությունը, ինչպես նաև՝ վախերով պայմանավորված, ի՞նչ է փորձում զիջել փաշինյանական իշխանությունը։Եվ Աբդոլահյանն անձամբ է ժամանել Երևան զգուշացումներ իրականացնելու։ Եվրամիության ԵԱՀԿ դիտորդների, ինչպես նաև եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին մասնակցելու համար Հայաստան ժամանած տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների այցերը հաշվի չառնելով՝ երեկ մեկ չափազանց ուշագրավ այց է տեղի ունեցել, որի վերաբերյալ հայաստանյան մամուլում չափազանց սուղ տեղեկություններ են տարածվել։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Արևելյան Եվրոպայում բրիտանական պաշտպանական բաժանմունքի ղեկավար, ավիացիայի կոմանդոր՝ Փիթ Քրաքֆորդի ղեկավարած պատվիրակության հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոն Գալագերը։

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության իրավիճակը, Գրիգորյանը ներկայացրել է ադրբեջանական զորքերի կողմից սանձազերծված ագրեսիան և դրա հետևանքները, ընդգծել է Հայաստանի նպատակադրվածությունը տարածաշրջանում՝ հասնելու կայուն անվտանգային միջավայրի ձևավորմանը։ Բրիտանացի հետախույզի այս այցը չափազանց ուշագրավ է։

Քրաքֆորդը, բացի Գրիգորյանից, առայժմ ոչ մեկի հետ չի հանդիպել պաշտոնապես, թեև բացառվում է, որ նման պաշտոնյան Հայաստան ժամաներ միայն Անվտանգության խորհրդի քարտուղարին տեսնելու համար։ Ըստ երևույթին թե՛ Արևմուտքը, թե՛ Իրանը փորձում են պարզել հայկական կողմի դիրքորոշումները, հետագայում իրենց անելիքները որոշակիացնելու համար։Ուշագրավ է նաև ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի՝ «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցը։Մենենդեսը հայտարարել է, թե Միացյալ նահանգները պատրաստ է էլ ավելի խոր հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, բայց այս ամենին դժվար է հասնել, քանի դեռ Հայաստանը գործակցում է Ռուսաստանի հետ։

Ելենա Գուլքանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular