Համախմբման ազդակ և սեփական ճակատագիրը կռելու հանձնառություն․ «Փաստ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Փաստ» օրաթերթը գրում է
Հոկտեմբերի 30-ին Արցախում տեղի ունեցավ նշանակալի իրադարձություն։ Արցախահայության մի ստվար հատվածը դուրս եկավ «Վերածննդի» հրապարակ իր դիրքորոշումը հանրապետության շուրջ ընթացիկ գործընթացների վերաբերյալ հայտնելու համար։ Տարբեր գնահատականների համաձայն, հանրահավաքին մասնակցում էր 40-ից մինչև 60 հազար արցախցի, ինչն, իսկապես, տպավորիչ թիվ է։ Եվ այս ակցիան յուրահատուկ էր ոչ միայն նրանով, որ Արցախում նման մեծ քանակությամբ մարդ էր ներկա հավաքին, այլև նրանով, որ այն իր մեջ, անկախ քաղաքական դիրքորոշումներից, հանրային միասնության ուղերձ էր պարունակում։
Իսկ միասնության համար պայքարի սկզբնավորումը պայմանավորված է Արցախի գոյաբանական հիմնախնդրի հետ, քանի որ միջազգային արենայում քննարկվում է Արցախի Հանրապետությունը Ադրբեջանին հանձնելու հարցը, ինչը նշանակում է Արցախի հայաթափում և ցեղասպանություն։ Դրա համար էլ հավաքի ընթացքում հնչած բոլոր ելույթներում շեշտադրվում էր արցախահայության՝ սեփական ճակատագիրը կռելու հանձնառությունը։ Պատահական չէ, որ Ստեփանակերտի հավաքին զուգահեռ ընթանում էր Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստը, որտեղ Արցախի օրենսդիր մարմինը հայտարարություն ընդունեց այն մասին, որ Արցախը երբեք չի եղել ու չի լինելու Ադրբեջանի կազմում։ Հայտարարության մեջ ոչ միայն շեշտադրվում էր Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը, այլև դիմում էր հղվում ՀՀ իշխանություններին, որ որևէ իշխանություն իրավունք չունի հրաժարվել Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու առաքելությունից կամ ընդունելի համարել որևէ փաստաթուղթ, որտեղ ինքնիշխան Արցախի Հանրապետության գոյությունը կասկածի տակ կդրվի։
Փաստացի դրանով ի ցույց է դրվում, որ ինքնորոշման իրավունքի իրացումը բխում է անվտանգության ապահովման շուրջ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման անհրաժեշտությունից։ Շատ կարևոր է նաև Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու հանձնառությունը շարունակելու խնդրանքով ուղերձի հղումը Ռուսաստանի Դաշնությանը՝ հատկապես Սոչիի եռակողմ հանդիպումից առաջ։ Ըստ այդմ, հայտարարության մեջ ռուսական կողմին առաջարկվում է ներդնել քաղաքական և ռազմական լրացուցիչ մեխանիզմներ։ Այսպիսով, Արցախի օրենսդիր մարմինը փորձում է ժողովրդի կամարտահայտությունը հասցնել միջազգային հանրությանը։ Այսինքն, արցախահայությունը արձանագրում է, որ անկախ երեկվա հանդիպումներից ու ընդհանրապես որևէ բանակցության օրակարգից և ձեռք բերված նախնական պայմանավորվածություններից, պետք է միշտ ներքաղաքական և միջազգային հարթակում թեժ պահել Արցախի ինքնորոշման իրավունքի առաջ մղման հարցը և թույլ չտալ, որ թիկունքում դրան հակասող ինչ-որ քայլեր տեղի ունենան։
Արցախում խմորվող գործընթացներն իրենց մեջ նաև ողջ հայությանը համախմբելու ազդակ և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շրջանակներում Արցախի համար պայքարելու և գործելու յուրատեսակ խթան են իրենց մեջ պարունակում։ Դրանով է պայմանավորված, որ արդեն Հայաստանում ևս Արցախի ժողովրդի պայքարի ոգին իր արձագանքն է գտնում։ Ի պաշտպանություն Արցախից հնչեցված պահանջների «Դիմադրության շարժումը» նոյեմբերի 5-ին հանրահավաք է հրավիրել։ Իսկ «Համախմբում» շարժման խորհուրդը հայտարարությամբ հանդես եկավ՝ կոչ անելով իր բոլոր համախոհներին, երկրի անվտանգությամբ և ապագայով շահագրգիռ բոլոր քաղաքացիներին՝ ոտքի կանգնել և տեր կանգնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին։
Պատահական չէ, որ վերլուծաբաններն արդեն իսկ համեմատություններ են տանում 88-ին սկսված Արցախյան շարժման հետ՝ շեշտելով, որ տեղի ունեցող զարգացումները սկզբնավորում են նոր Արցախյան շարժում։ Իսկ դա նշանակում է, որ ի պաշտպանություն Արցախի ինքնիշխան իրավունքի ոտքի է կանգնելու նաև Հայաստանի բնակչությունը։ Բայց այս ամենին զուգահեռ ուշադրություն է գրավում այն փաստը, որ Արցախյան հանրահավաքին որևէ ձևով չեն արձագանքում ՀՀ իշխանությունները՝ տպավորություն ստեղծելով, թե կարծես որևէ կարևոր նշանակություն ունեցող իրադարձություն տեղի չի ունեցել։ Թերևս այս իրողությունը զարմանալի չէ, քանի որ մեկ տարի է, միգուցե ավելի, ինչ իշխանությունները ձեռքները լվացել են Արցախից, Արցախի ինքնորոշման հարցը չեն բարձրացնում, և այդ առանցքային առաքելությունը մնացել է միայն ընդդիմության ուսերին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում