ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՊՆ-ն անձնակազմի քանակն ապահովելու ձև է գտել, բայց արդյո՞ք նոր ծրագիրը չեն ձախողի, ինչպես «Ես եմ»-ը․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Վերջին շրջանի առաջարկներից շարքային եւ սպայական կազմերի՝ պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինծառայության անցման նոր կարգը, որն այս շաբաթ հաստատեց կառավարությունը, ենթադրում է, որ 6 ամիս բանակում ծառայելուց հետո ժամկետային զինծառայողները պայմանագրային զինվորական ծառայության անցնեն հինգ տարի ժամկետով։ Այս ընթացքում նրանք ստանում են աշխատավարձ, իսկ ատեստավորում անցնելու դեպքում՝ նաեւ հավելավճար։ Դրանից հետո նրանք ստանում են պատվո վճար՝ 5 միլիոն դրամի չափով։ Ծրագիրը հավակնոտ անվանում ունի՝ «Պաշտպան հայրենյաց», եւ փոխարինելու է Վիգեն Սարգսյանի «Ես եմ» ծրագրին։ Ի տարբերություն վերջինի, որով 36 ամիս էր սահմանված, այս մեկը տեւում է 5 տարի։ «Ես եմ»-ով տրվող այդ 5 մլն դրամով զինծառայողը պետք է կա՛մ բնակարան գներ, կա՛մ մինի ֆերմա կառուցեր, կա՛մ էլ ուսման վարձ տար, «Պաշտպան հայրենյաց»-ով տրվող 5 մլն-ն վերջինս կարող է ծախսել՝ ինչպես կամենա։ Եթե զինծառայողը հանկարծ որոշի հրաժարվել վճարովի ծառայությունից, ապա ծառայության այդ ժամկետը նրա կենսագրությունից կջնջվի, եւ նա կշարունակի ծառայել բանակում՝ մինչեւ պարտադիր ժամկետային ծառայության իր չծառայած ժամկետի չափով։ 

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը կարծում է, որ այս փոփոխությունը վերջին շրջանում ՊՆ-ի կողմից արված առաջարկներից լավագույնն է։ «Մինչդեռ նախորդ նախագծերը՝ իմ թվարկած, իրականության հետ աղերս չունեին ու բավականին խոցելի էին: Ես նկատի ունեմ 24 մլն-ով եւ հետո 24 մլն դրամ ու 4,5 ամիս ուսումնական փուլ անցնելով բանակից ազատումը, եռամսյա հավաքները 25 օր դարձնելը, որից 2 շաբաթը մարտական հերթապահությամբ փոխելը։ Կարծում եմ, որ սրա բուն նպատակը բանակի համալրումն է զինծառայողներով, որոնք իրականում մարտական հերթապահություն կիրականացնեն՝ հաշվի առնելով հայ-ադրբեջանական սահմանի առավել ձգված լինելու հանգամանքը՝ վերջին իրադարձությունների հետ կապված, եւ անձնակազմի քանակով ապահովելու անհրաժեշտությունը։ Սա, կարծում եմ, լավագույն լուծումն է։ 6 ամսով կզորակոչվեն, ուսումնական զորամասերում կլինեն, 2 ամիս մարտական հերթապահություն կանցնեն, եւ այդ փորձառությունն արդեն բավարար ժամանակ է, որ նրանք մարտական հերթապահություն իրականացնեն»,- ասում է փորձագետը։ Ըստ նրա՝ կա մոտիվացիա, ժամկետային զինծառայողը, դառնալով պայմանագրային, դրամական բավարարում է ստանում, այսինքն՝ 18-19 տարեկան ՀՀ քաղաքացին ապահովված է լինելու նաեւ սեփական կարիքներն աշխատանքով հոգալու հնարավորությամբ՝ ասում է Հայկ Նահապետյանը։ 

«Սա ողջունելի քայլ է․ եթե մարդիկ ցանկություն ունեն, թող մեկուկես տարի ծառայության փոխարեն ծառայեն երեք անգամ ավելի ժամանակով, աշխատավարձով եւ ավելի ազատ պայմաններով (պայմանագրային զինծառայողների համար պայմաններն ավելի ազատ են, քան՝ ժամկետային զինծառայողների)»,- կարծում է ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը, բայց արդյո՞ք 5 տարին շատ չէ։

Ըստ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի՝ հարցը տարիները չեն, այլ այն, թե մարդն իրեն պատկերացնո՞ւմ է արդյոք զինվորական ծառայության մեջ։ 
«Եթե մարդն իրեն չի պատկերացնում զինվորական ծառայության մեջ, նրան ինչ նվեր ուզում եք, տվեք, չեք կարող գայթակղել։ Իսկ նա, ով իրեն պատկերացնում է այդ ծառայության մեջ, եւ իրեն պետք են սոցիալական արտոնություններ, հնարավորութուններ, դրսեւորվելու կարողություն, առաջընթացի, կարիերայի աճ, գիտելիքները հարստացնելու հնարավորություն, բնականաբար, բանակը լավագույն տեղերից մեկն է, որտեղ ամենակառուցակարգված, ինստիտուցիոնալ վիճակն է, եւ այստեղ երկարաժամկետ երաշխիքներ պետությունը կարողանում է տալ»,- ասում է Արտակ Զաքարյանը։   

Նա կարծում է, որ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրն օգտակար կլինի, եթե այն կարողանան իրականացնել։ Սակայն նախկին փորձը ցույց է տալիս, որ թղթից գործին անցնելու ընթացքում մեծ ձախողումներ են լինում։ ««Ես եմ»-ը եւ «Պատիվ ունեմ»-ը նույնպես շատ լավ ծրագրեր էին, բայց ձախողվեցին։ Դրանք իրականացնելու համար բավականին աշխատանք էր պետք, ինչը չարվեց, դրանք, փաստորեն, չշարունակեցին։ Եթե նորմալ ներկայացնեին, համապատասխան աշխատանք արվեր, լավ արդյունքներ կլինեին»։ 

Ի՞նչ պետք է արվեր, որ չեն արել, ինչո՞ւ է «Ես եմ»-ով, ինչպես Փաշինյանն ասաց, ծառայություն անցնում ընդամենը երկու անձ։ «Նախ՝ նորմալ պետք է ներկայացնեին, համապատասխան սոցիալական գովազդներ, տեղեկատվական աշխատանք տարվեր, որն առաջին տարում արվեց, ու բավականին թափ հավաքեց ծրագիրը։ «Պատիվ ունեմ» ծրագիրը միշտ ունեցել է արդյունք, իսկ «Ես եմ»-ին 2018 թվականից հետո տիրություն չարեցին»։ 

Արտակ Զաքարյանը կարծում է, որ «Ես եմ» ծրագիրն ավելի ձեռնտու էր բանակայինների համար, քան նախատեսվող ծրագիրը, քանի որ ստացվում էր, որ նրանք փաստացի ծառայում են 2,5 տարի, որից հետո պետությունը տալիս է 5 մլն դրամ, որն էական, երիտասարդի համար հիմնական ուղղություններով է ծախսվում եւ չի փոշիացվում՝ հիպոթեքով տուն, գյուղատնտեսական բիզնես ստեղծել, ուսման վարձ վճարել, որը բոնուսով ծառայություն ավարտել էր։ Բայց չարեցին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular