«Օշականցի Գևորիկը» 60 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել
ԻՐԱՎՈՒՆՔԴատարանը «Օշականցի Գեւորիկ» մականունով հայտնի Գեւորգ Մելիքյանին երեկ՝ նոյեմբերի 1-ին, 60 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացրել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Հիշեցնենք, որ Գեւորգ Մելիքյանը մեղադրվում է ՀՀ ՔՕ 223.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցություն ղեկավարելը։
Ըստ մեղադրանքի՝ Գեւորգ Մելիքյանը, պահպանելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանված եւ ճանաչված վարքագծի կանոնների համաձայն համարվելով հեղինակության, կատարել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանն ուղղված գործողությունները, մասնավորապես ստանձնել է մասնավոր, այն է` պարտք մնացած գումարի վերադարձման խնդրին վերաբերող վեճի` իր անօրինական ազդեցությունն օգտագործելու եւ սպառնալիքի միջոցով իրեն դիմած անձի օգտին լուծելու հարցը։ Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել եւս երեք անձի։