Իրավապաշտպանները զարթնեցի՞ն․ Ապտակ «ժողովրդավարության բաստիոնի» դեմքին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Խիստ անընդունելի ենք համարում պետական անկախ մարմինների պաշտոններոմ կուսակցական անդամների ընտրությունը, ինչը կասկածի տակ է դնում նշված մարմինների անկախությունն ու քաղաքական չեզոքությունը և էական բացասական ազդեցություն ունենում դրանց հանրային հեղինակության և վստահելիության վրա»։
Բավական ադեկվատ այս արձանագրումն արել են ոչ թե ընդդիմադիր քաղաքական ուժերը, կամ իրավապաշտպանները, այլ որքան էլ տարօրինակ է 2018 թվականի հեղափոխությանը մասնակցած և դրանից հետո փշինյանական վարչախմբի նկատմամբ չափազանց լոյալ գտնված մի խումբ կազմակերպություններ, այդ թվում՝ Հայաստանում հայտնի Սորոսի հիմնադրամը, «Տրանսփարանս ինթերնեյշնել հակակոռուպցիոն կենտրոնը», Դանիել Իոնիսյանի ղեկավարած «Իրազեկ քաղաքացիների միավորումը», լրագրողների «Ասպարեզ» ակումբը, Արթուր Սաքունցի «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի» Վանաձորի գրասենյակը։
Նրանց տարածած հայտարարություն համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նման գործելակերպը էական հետընթաց է ժողովրդավարության և թափանցիկ ու հաշվետու կառավարման սկզբունքներից, այն նաև հանդիսանում է կոռուպցիայի, քրոնիզմի տեսակի ակնառու դրսևորում և իշխող կուսակցության կողմից պետական համակարգը՝ հատկապես անկախ մարմինները, իրեն ենթարկեցնելու և նրանց գործունեության նկատմամբ քաղաքական ազդեցություն հաստատելու միտում։
Նիկոլ Փաշինյանը իշխանությունը զավթելուց հետո առիթը բաց չի թողնում հայտարարելու, թե իրենք ամենաժողովրդավարն են, ժողովրդավարության բաստիոն են, իսկ իրենց բոլոր քայլերն ուղղված են Հայաստանում ժողովրդավարություն ամրապնդելուն։
Ավելին, նույնիսկ, «այս բրենդով» փաշինյանական վարչախումբը ներկայանում է նաև միջազգային կառույցներին և գերտերություններին, փորձում այդպես իր համար քաղաքական դիվիդենտներ հավաքել։ Եվ այժմ արևմտյան տերությունների և կազմակերպությունների հետ կապված հասարակական և իրավապաշտպան կառույցների նման գնահատականը ոչ այլ ինչ է, քան լայն ապտակ Նիկոլ Փաշինյանի ինքնագոհ դեմքին։
Մարդիկ, որոնք տարիներ շարունակ դատափետել են նախկին իշխանություններին իրավունքների ցանկացած ոտնահարման դեպքում, իսկ 2018 իշխանափոխությունից հետո մեկ բառ անգամ չեն քննադատել Նիկոլ Փաշինյանին, այսօր հանկարծակի նման զայրալից տեքստ են գրում՝ գործող վարչախմբին մեղադրելով հնարավոր բոլոր մեղքերի մեջ։
Ի՞նչ է սա, քաղաքական ճնշո՞ւմ՝ դեպի Արևմուտք Հայաստանի քաղաքական վեկտորը փոխելու, թե՞ պարզապես նրանց աչքերն են բացվել և տեսնում են, թե ինչ է իրականացնում գործող իշխանությունները մարդու իրավունքների և պետության հետ։
Տաթև Հախնազարյան