ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը մի շարք երկրներում կբացի դիվանագիտական ներկայացուցչություններ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը 2023 թվականին դիվանագիտական ներկայացուցչություններ՝ դեսպանատուն, հյուպատոսություն, դիվանագիտական գրասենյակներ կբացի մի շարք երկրներում:  Այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2023 թ պետբյուջեի նախագծի քննարկմանը:

«2023-ին նախատեսում ենք մի շարք երկրներում դիվանագիտական ներկայացուցչություններ և գրասենյակներ բացել: Այս պահին պլանավորում ենք բացել դեսպանություն Ուրուգվայում և գլխավոր հյուպատոսություն՝ Իրանի Իսլամական Հանրապետության Թավրիզ քաղաքում»,-ասաց Միրզոյանը:

Վերջերս Իրանը Կապանում բացեց գլխավոր հյուպատոսություն, և վաղուց արդեն կար ձեռք բերված պայմանավորվածություն, որ Հայաստանն էլ Թավրիզում կբացի հյուպատոսություն:

Իսկ ինչ վերաբերում է Ուրուգվայում դեսպանության բացմանը՝ նախարարը հիշեցրեց, որ անցյալ տարի Ուրուգվայի ԱԳ նախարարի՝ Հայաստան այցի ընթացքում է այդ պայմանավորվածությունը ձեռք բերվել: «Ուրուգվայում դեսպանությունն ունենալը մեզ հնարավորություն կտա նաև լատինաամերիկյան երկրների հետ այդ հարթակում առանձին հարաբերություններ հաստատել»,-նշեց Միրզոյանը:

Հայաստանն այս պահին նախատեսում է նաև դիվանագիտական գրասենյակներ բացել: Կիպրոսում այն կգործի Հունաստանում ՀՀ դեսպանության ներքո, իսկ Սերբիայում՝ Բելգրադում՝ Չեխիայում ՀՀ դեսպանության ներքո: ԱԳ նախարարը նշեց Հայաստանի և Կիպրոսի ավանդական ջերմ հարաբերությունների մասին՝ նկատելով, որ գուցե շատերի համար տարօրինակ հնչի, որ մինչև այս պահն այդ ներկայացուցչությունը չի եղել Կիպրոսում: Նախարարը Սերբիայի հետ ևս հարաբերությունների զարգացման հեռանկարներ է տեսնում, Սերբիան ևս Երևանում բացել է դեսպանություն, փոխադարձության կարգով Հայաստանն էլ առայժմ դիվանագիտական գրասենյակ կբացի Սերբիայում:

«ՌԴ Վլադիկավկազ քաղաքում ևս հյուպատոսական գրասենյակ կբացենք: Վերին Լարսի հետ կապված խնդիրները քիչ դեր չունեն մեր այս որոշման մեջ»,-նշեց Միրզոյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular