«Մութ ամպեր»՝ Վահան Քերոբյանի գլխին
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՇուրջ երկու տարի մամուլում և հասարակության մեջ չեն դադարում խոսակցությունները, որ էկոնոմիկայի տխրահռչակ նախարար Վահան Քերոբյանը, որ ձախողել է հնարավոր բոլոր նախաձեռնությունները, ինչպես նաև դարձել հանրության ծիծաղի առարկան իր տարատեսակ անհեթեթ հայտարարություններով՝ լքելու է իր պաշտոնը։ Քերոբյանը, սակայն, «բարեհաջող» կերպով շարունակում է պաշտոնավարել։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, այս անգամ թերևս, նա երկար չի դիմանա նախարարի պաշտոնում։ Քերոբյանի գլխին սև, մութ ամպեր են կուտակվել։Բանն այն է, որ մինչ վերջերս նրան նախարարի պաշտոնում թողնելու գլխավոր լոբբիստը իշխանական օլիգարխ Խաչատուր Սուքիասյանն էր։ Մինչդեռ վերջին շրջանում նրանց հարաբերությունները չափազանց սրվել են։ Դա ակնառու դարձավ երեկ Ազգային ժողովում բյուջեի քննարկման ժամանակ, երբ Վահան Քերոբյանը ներկայացնում էր իրենց նախարաության անելիքները։
Խաչատուր Սուքիասյանը հայտարարեց, թե՝ «Բոլոր պաշտոնյաները թվեր են ասում, ժամկետներ են նշում, կազմակերպությունների անուն են տալիս, Քերոբյանը՝ ոչ։ Ձեզ հետ խոսելիս ինչ ասում ենք, ասում եք՝ անում ենք, պայմանավորվել ենք,-մուննաթ է եկել Սուքիասյանը, ապա և հայտարարել՝«ինձ համար հաճելի չէ այսկարգի էկոնոմիկայի նախարարի հետ զրույց ունենալ, անկեղծ եմ ասում, ոչ մի թվի, ոչ մի կազմակերպության, ոչ մի ծավալի մասին բան չլսեցի»։
Սուքիասյանին արձագանքելով՝ էկոնոմիկայի նախարարը միայն շնորհակալություն է հայտնել քննադատության համար, ապա և լրագրողների հետ զրույցում հայտարարել, թե չի կարծում, որ Խաչատուր Սուքիասյանը իր նկատմամբ վատ է տրամադրված, այլ ընդամենը կառուցողական քննադատություն է արել նախարարության հասցեին, մինչդեռ նույնիսկ ուղիղ եթերում հեռարձարկվող տեսանյութերում կարելի է հստակ զգալ Խաչատուր Սուքիասյանի նյարդայնությունը և զայրույթը Քերոբյանի նկատմամբ։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Խաչատուր Սուքիասյանն այժմ էլ հակառակ լոբբինգն է անում՝ Վահան Քերոբյանին հեռացնելու և այլ անձի նախարար նշանակելու ուղղությամբ։ Ավելին, նշվում է, թե Սուքիասյանը նախարարի համար համապատասխան թեկնածու ունի, որի անունը առայժմ դեռ չեն հրապարակում։
Ինչևէ, Քերոբյանի ազատումը նախարարի պաշտոնից բացառապես դրական կազդի Հայաստանի էկոնոմիկայի զարգացման վրա։ Թերևս ՔՊ-ում իրենք էլ հասկացել են, թե ինչ հմտությունների է «տիրապետում» Քերոբյանը և որոշել են ազատվել նրանից։
Աննա Նադոյան