Հայկական սփյուռքը դարձել է Թուրքիայի գերիշխանության միակ խոչընդոտ
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԹուրքիայի նախագահ էրդողանի ավագ խորհրդական Իբրահիմ Քալընը թուրքական հեռուստաընկերության եթերում խոսել է հայ-թուրքական կարգավորման գործընթացից, նշել, թե Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցնելու և սահմանը փակելու հիմնական պատճառը եղել է «Ղարաբաղի բռնազավթումը», իսկ հիմա, երբ «բռնազավթումն» ավարտվել է, արդեն վերացել իրենց կայացրած այդ որոշման պատճառը։ Միաժամանակ Քալընը հայտարարել է, թե հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացներն այժմ ավելի դրական, ավելի հուսադրող հունով են առաջ ընթանում, ընդ որում ընթանում են զուգահեռ և միմյանց փոխկապակցված։
Թուրքիայի նախագահի խորհրդականը ծաղրել է Հայաստանին՝ նշել, թե այն 2,5-3 միլիոն բնակչության դեպի ծով ելք չունեցող ցամաքային պետություն է, որի ամենակարևոր ելքը Թուրքիան է, ուստի հարաբերությունների կարգավորումը լավ կլինի թե՛ Հայաստանի ժողովրդի, թե՛ Թուրքիայի քաղաքացի հայերի և թե՛ հայկական Սփյուռքի համար։ Ըստ էության Քալընի այս խոսքերը կարելի է թարգմանել հետևյալ կերպ, որ Թուրքիան ցանկանում է օգտվել 44-օրյա պատերազմի ելքից և իր գերիշխանությունը հաստատել նաև Հայաստանի Հանրապետության վրա։
Միակ խոչընդոտն այս ճանապարհին թուրքերը համարում են հայկական Սփյուռքին՝ հատկապես Միացյալ Նահանգներում և Ֆրանսիայում,ուստի և Թուրքիայի նախագահի խորհրդականը առիթը բաց չի թողել մեղադրանքներ հղել հայկական Սփյուռքին։ «Ցավոք սա ամենաուշը Ամերիկայի և Ֆրանսիայի համայնքները հասկանան, քանի որ գիտեք աշխարհում երկու մեծ հայկական Սփյուռք կա՝ մեկը Ֆրանսիայում, մյուսը՝ ԱՄՆ-ում, հույս ունեմ նրանք էլ կհասկանան, որ կարգավորումը շահեկան կլինի նաև առևտրի տեսանկյունից, Ադրբեջանի հետ առևտուր կանի, մեզ հետ առևտուր կանի, մարդիկ կգնան, կգան, Հայաստանի ժողովուրդն էլ շունչ կքաշի, սա ներդրում կլինի ամբողջ տարածաշրջանի խաղաղության համար»,- նշել է Իբրահիմ Քալընը, հույս հայտնել, որ առաջիկա օրերին ավելի լավ և ավելի դրական քայլեր կկատարվեն։
Թուրքական իշխանությունների այս լավատեսությունը վկայում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է կատարել թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր ցանկությունները, բացել սահմանները թուրքիայի հետ և Հայաստանը դարձնել Թուրքիայի կցորդը։ Արտաքին քաղաքական վեկտորի փոխմանն ուղղված փաշինյանական վարչախմբի քայլերը հենց այս դավաճանական զարգացումներին էլ ուղղված են։
Սերինե Բադալյան