ՔՊ-ում առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում։
Օրեր առաջ տեղի ունեցած վարչության նիստում ընդունված հայտարարությունը, որով փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ու խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը լքեցին վարչության կազմը, իսկ նրանց փոխարեն ընտրվեցին ԱԻՆ նախարար Արմեն Փամբուխչյանն ու պատգամավոր Արսեն Թորոսյանը, չէր պատասխանում գլխավոր հարցերին՝ ովքե՞ր են ընտրակեղծիքներ իրականացրել վարչությանն ընտրությունների ժամանակ և ո՞վ պետք է պատիժ կրի։
Իհարկե «Քաղաքացիական պայմանագրում» հակված են գործը ծածկադմփոց անելու, իսկ պատիժները կարգավորել սեփական կուսակցության ներսում՝ առանց կեղտոտ լվացքը դուրս հանելու։ «Քաղպայմանագրի» անդամների մի զգալի մասը, սակայն, դեմ է նման պահվածքին և պահանջում է բաց և հրապարակային պատժել բոլոր այն մարդկանց, ովքեր դեմ են գնացել իբր հեղափոխական գաղափարներին և ժողովրդավարությանը։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ համաժողովում կատարված ընտրակեղծիքների գործը քննում են ոչ թե «Քաղպայմանագրի» ներկայացուցիչները, այլ Ազգային անվտանգության ծառայությունը։Անելին, վարչության մի շարք անդամներ պնդել են, որ հենց ԱԱԾ-ն հետաքննություն անի, պարզի բոլոր կեղծարարներին, որից հետո արդեն հարց է բարձրացնելու վերջիններիս պատժելու կամ մանդատից զրկելու վերաբերյալ։
Ընտրված վարչության մի խումբ անդամներ Նիկոլ Փաշինյանից պահանջել են պաշտոնանկ անել Պշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին՝ փաստարկելով, որ հենց նա է եղել բոլոր ընտրակեղծիքների կազմակերպիչն ու հովանավորը, ընդ որում դա արել է իր մի քանի յուրայինների՝ այդ թվում պատգամավոր Արփի Դավոյանի միջոցով։
Դավոյանին էլ սպառնում է մանդատազրկումը, և այս օրերին նա փորձում է կրկին արժանանալ Նիկոլ Փաշինյանի բարեհաճությանը՝ իր մանդատը պահպանելու համար։ Արդեն իսկ հրաժարական է ներկայացրել ՔՊ աշխատակազմի ղեկավար Տրդատ Սարգսյանը։
Մեր աղբյուրը հայտնեց, որ ազդեցիկ ուսակցականների մի մեծ խումբ պարզապես սպառնացել է լքել կուսակցությունը, եթե պատիժներ չհետևեն։ Ուստի ԱԱԾ-ին հրահանգվել է մանրամասն հետաքննել ամբողջ կատարված ընտրակեղծիքների մեխանիզմը, մեղավորներին պատժելու, հետագայում նաև դասեր քաղելու համար։
Տաթև Հախնազարյան