ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետը գնահատեց սեպտեմբերին Հայաստանի վրա Ադրբեջանի տեղեկատվական գրոհի մակարդակը՝ համեմատելով 44-օրյա պատերազմի հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Սեպտեմբերյան ագրեսիայի նախաշեմին Ադրբեջանը չէր նախապատրաստվել ագրեսիայի տեղեկատվական բաղադրիչին, լուրջ կիբերհարձակումներ կամ քարոզչական տեղեկատվական հոսքեր չեն եղել։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նրա գնահատմամբ, Ադրբեջանը ակնկալում էր արագ գործողություններ եւ արագ դադարեցում, սակայն չէր ակնկալում միջազգային հանրության կողմից դրա նկատմամբ անսպասելի կտրուկ վերաբերմունք։

«Համեմատած այն ամենի հետ, ինչ տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ շատ լուրջ աշխատանք էր տարվում Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից, այս անգամ ակնհայտորեն զգացվում էր նրանց անպատրաստ լինելը։ Դա վերաբերում է ե՛ւ քարոզչությանը, ե՛ւ կիբերհարձակումներին։ Այս անգամ Ադրբեջանը ձախողեց ագրեսիայի տեղեկատվական բաղադրիչը։

Միակ բանը, որ նրանք արել էին, մինչ զինված ագրեսիայի սկսվելը հող էին նախապատրաստել՝ անընդհատ հայկական կողմից սադրանքների մասին հայտարարելով։

Տեղեկատվական առումով Ադրբեջանի հաշվարկն այն էր, որ համաշխարհային հանրությունը զբաղված է Ուկրաինայով, ինչպես նաեւ այն, որ Հայաստանի անմիջական դաշնակիցները վաղուց չափազանց դանդաղ են արձագանքում Հայաստանի դեմ ցանկացած ագրեսիվ գործողության»,- ասաց Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական զինուժը հրետանուց եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ գնդակոծել էր հայկական դիրքերը՝ Գորիսի, Սոթքի եւ Ջերմուկի ուղղությամբ։ Հակառակորդը կիրառել էր նաեւ անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանը հրետանի էր կիրառել նաեւ այլ ուղղություններով։ Պաշտոնական տվյալներով՝ հայկական կողմից զոհերի թիվն անցնում է 200-ից։ Հակառակորդի ագրեսիայի հետեւանքով տուժել են խաղաղ բնակիչներ, ավերվել է ավելի քան 200 քաղաքացիական օբյեկտ։ Մի քանի հազար քաղաքացիներ լքել են իրենց տները։

Արամ Դանիելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular