Նույնիսկ նրանք, ովքեր հավակնում են գերտերություն լինել, չեն համարձակվում հարձակվել Իրանի վրա. բանակի գլխավոր հրամանատար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆույնիսկ նրանք, ովքեր հավակնում են գերտերություն լինել, չեն համարձակվում հարձակվել Իրանի վրա։ Այս մասին հայտարարել է Իրանի բանակի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավին՝ ընդգծելով, որ թշնամիներին չի հաջողվի հասնել Իսլամական Հանրապետության փլուզման իրենց «չարագուշակ նպատակին», հաղորդում է Press TV-ն։
«40 տարի անց [Իսլամական հեղափոխությունից հետո] ոչ ոք եւ ոչ մի երկիր, նույնիսկ նրանք, որոնք հավակնում են գերտերության կոչմանը, չեն համարձակվում ներխուժել Իրան եւ նույնիսկ մտածել այդ մասին»,- ասել է Մուսավին։
Նրա խոսքով՝ թշնամիները ցանկանում են մասնատել Իրանը, անկայունություն առաջացնել, խարխլել տնտեսությունն ու արտադրությունը եւ խոչընդոտել երկրի գիտատեխնիկական առաջընթացին, սակայն երբեք չեն հասնի իրենց «չար նպատակներին»։ Նա նշել է, որ թշնամիները Իրանում վերջին անկարգությունների ժամանակ հնարավոր ամեն ինչ արել են՝ ծրագրելով եւ կազմակերպելով դրանք, ինչպես նաեւ հետախուզական եւ ֆինանսական ծառայություններ մատուցելով ապստամբներին:
Իրանցի հրամանատարը հիշեցրել է, որ ամերիկացիներն ավելի քան 10 տարի առաջ խոստովանել են, որ Իրանում իրենց նպատակներին հասնելու համար օգտագործել են սմարթֆոններ եւ հավելվածներ։ «Նրանք իրենք են ասել, որ ինտերնետի միլիոնավոր օգտատերեր իրենց զինվորներն են։ Մենք պետք է զգոն լինենք»,- ասել է նա։
Մուսավին հայտարարել է, որ Իրանի ժողովուրդը պետք է գիտակցի երկրի ձեռքբերումներն ու անկախության ուղին՝ նշելով, որ թշնամիները վախենում են Իրանի ուժից եւ հնարավորություններից։