ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թալանը շարունակվում է. «գծատերերին» վերացնել խոստացող ՔՊ-ականները ձեռքերը լվացել են

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հեղափոխությունից հետո, ի թիվս այլ խոստումների, ՔՊ-ականները խոստանում էին քաղաքների բնակիչներին ազատել այսպես կոչված` գծատերերից: Գաղտնիք չէ, որ ամենայուղոտ ուղղությունները գտնվում էին նախկին պաշտոնյաների ձեռքում և այսպես ասած` գծերը հենց նրանք էին տնօրինում: Գալուստ Սահակյան, Տարոն Մարգարյան, Հենրիկ Նավասարդյան և այլն, ցանկը կարելի  է շատ երկար շարունակել:

Սկզբում գծատերերից երևանցիներին ազատել խոստացել էր արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը: Վերջինս, սակայն, շատ արագ լեզու գտավ նրանց հետ և որոշեց հնարավորինս ձգձգել տրանսպորտային ռեֆորմը, որպեսզի գծատերերը այս ընթացքում մաքսիմալ օգուտներ հասցնեն քաղել: Հայկ Մարությանը այլևս քաղաքապետ չէ, սակայն, այնպես չէ, որ Հրաչյա Սարգսյանը պատրաստվում է լուծել այս հարցը և երևանցիներին ազատել գծատեր կոչված հասկացությունից: Դրան ուղղված քայլեր մենք մինչ այսօր էլ չենք նկատում:

Բառացիորեն նույն խոստումները տալիս էին նաև մյուս ՔՊ-ական քաղաքապետերերը, դիցուք՝ Էջմիածնինը: Դիանա Գասպարյանը ավելի շատ զբաղված էր Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող սրճարանի բոյկոտով, քան քաղաքային երթուղիները սպասարկող գծատերերով: Էջմիածին-Երեւան-Էջմիածին երթուղուց օգտվողները դժգոհում են, որ գիծը շահագործողները չարաշահում են իրենց համբերությունը: Ըստ նրանց՝ տեւական ժամանակ է՝ ավտոբուսներն իրար «պաս են տալիս». ճանապարհի կեսից ուղեւորներին իջեցնում են, նստեցնում մեկ այլ ավտոբուս: Երթուղին սպասարկում է «Էջմիածնի բեռնաուղեւորատար ավտոտրանսպորտային» ԲԲԸ («Էջմիածին ԲՈՒԱՏ») կազմակերպությունը, որի սեփականատերն ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանն է:  

Վերջին ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ականները Գյումրում ակտիվ նախընտրական հանդիպումներ են անցկացնում: Դրանցից մեկի ընթացքում ՔՊ ներկայացուցիչ Արսեն Թորոսյանը, գյումրեցիներին ներկայացնելով իրենց նախընտրական ծրագիրը, խոստացավ, որ ՔՊ հաղթանակի դեպքում քաղաքում կվերանան գծատերերը: Նմանատիպ խոստում հնչեցրեց նաև ՔՊ քաղաքապետի թեկնածու՝ Շիրակի գործող մարզպետը:

Ովքե՞ր են նոր Հայաստանի գծատերերը:   Օրինակ՝ Երևան-Արմավիր միջմարզային երթուղին սպասարկում է «Գալակտիկա Տրանս Սերվիս» ՍՊԸ-ն: Մամուլում հրապարակումներ եղան կապված ՍՊԸ սեփականատեր Շուշաննա Խաչատրյանի և հեղափոխական իշխանությունների ջերմ հարաբերությունների մասին:

Այս ընկերությունը սպասարկում է նաև Երևան-Արտաշատ և Արարատ-Երևան գիծը և այստեղ է, որ լուրջ բախումների մեջ է մեկ այլ ընկերության՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապվող «Լիգա» ՍՊԸ-ի հետ: Իրավաբանական անձանց պետական ռեսգիստրի գործակալության տվյալներով՝ «Լիգա» ՍՊԸ-ն հիմնադրվել է 1995 թվականին: Հիմնադիրներ Զավեն Նիկոյանն ու Իվան Նիգոյանը հետագայում դադարեցրել են իրենց մասնակցությունը ընկերությունում: Երբ Արտաշատ համայնքը ղեկավարում էր Հովիկ Արահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, քաղաքապետարանը հաճախ էր պայմանագրեր կնքում այս ընկերության հետ: «Լիգա» ՍՊԸ-ն իր ավտոբուսներով տարբեր ծառայություններ էր մատուցում քաղաքապետարանին:

Այսօր էլ գծատեր հասկացությունը վերացնելու փոխարեն իշխանությունները որոշել են փոփոխություններ անել ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքում, ինչը ենթադրում է զուտ կոսմետիկ փոփոխություններ՝ կապված վերջիններիս աշխատանքի կանոնակարգման հետ, սակայն չի ենթադրում 2018-ին հանրությանը տված խոստման իրականացում...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular