Երևանի բոլոր վարչական շրջաններում անշարժ գույքի գներն աճել են
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԵրևանի կենտրոնում անշարժ գույքի գները այս տարվա երրորդ եռամսյակում՝ հուլիսից սեպտեմբեր ամիսներին, միջինում աճել են 17.1%-ով՝ 1 քառակուսի մետր մակերեսի հաշվարկով 636800 դրամից դառնալով 735900 դրամ։ «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Կադաստրի կոմիտեի հրապարակած ցուցանիշներից։
Արաբկիրում գներն աճել են 14.7%-ով․ եթե 2021-ի երրորդ եռամսյակում Արաբկիրում անշարժ գույքի մեկ քառակուսի մետր մակերեսն արժեցել է 462400 դրամ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 530500 դրամ։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 2021-ի երրորդ եռամսյակում մեկ քառակուսի մետր մակերեսով անշարժ գույքը միջինում արժեցել է 329300, աճը այս տարվա նույն ժամանակահատվածում 17.6% է, միջին շուկայական գինը դարձել է 387400 դրամ։ Էրեբունի վարչական շրջանում աճը կազմել է 17․3%` 293000 դրամից վերածվելով 343800 դրամի։ Շենգավիթ վարչական շրջանում աճը կազմել է 10․1%, այս վարչական շրջանի անշարժ գույքի միջին շուկայական գները 2021-ի երրորդ եռամսյակում եղել են 310000 դրամի սահմանում՝ հաջորդ տարվա նույն ժամանակահատվածում վերածվելով 341400-ի։ Դավթաշեն վարչական շրջանի գների աճը գերազանցել է նույնիսկ Կենտրոնին ու Արաբկիրին․ անշարժ գույքի մեկ քառակուսի մետր մակերեսի հաշվարկով գները միջինում 326900-ից դարձել են 391100։ Աջափնյակ վարչական շրջանում միջին գները 317400-ից դարձել են 362600 (աճը՝ 14․2%): Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գները միջինում աճել են 14․9%-ով՝ 295000-ից դառնալով 338900 դրամ։
Ավան վարչական շրջանում գներն աճել են 13․4%-ով՝ 297900 դրամից դառնալով 337700 դրամ։ Նոր-Նորք վարչական շրջանում աճը կազմել է 8․5%` 305100 դրամից դառնալով 331000 դրամ։ Անշարժ գույքի գների աճ է գրանցվել նաև Նուբարաշեն վարչական շրջանում, որտեղ սովորաբար առուվաճառքի ամենաքիչ գործարքներն են արձանագրվում։ Աճը 13․4% է, գները 181200-ից դարձել են 205400 դրամ։ Կադաստրի կոմիտեն Նորք Մարաշ վարչական շրջանի վերաբերյալ առանձին վիճակագրություն չի վարում։